Ա. Մարտիրոսյան. Այս խորհրդարանից մեծ արդյունավետություն չի կարելի ակնկալել
24/12/2012 12:58

Ա. Մարտիրոսյան. Այս խորհրդարանից մեծ արդյունավետություն չի կարելի ակնկալել

«Այս խորհրդարանից մեծ արդյունավետություն չի կարելի ակնկալել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Նոր խորհրդարանը չի համապատասխանում մեր պատկերացումներին: Այնտեղ պետք է լիներ քաղաքական էլիտան, ոչ թե թաղային հեղինակություններ, գործարարներ, այն պետք է հասարակության ներկա տրամադրությունները ապահովվեր, ինչը չարվեց»,-ասաց Ա. Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, թեև 2012 թ. ունեցանք հերթական կեղծված խորհրդարանական ընտրությունները, բայց շատ ավելի քաղաքակիրթ տարբերակով, քան նախկինում էր:

«Այս անգամ ընտրություններին ծեծուջարդի, լցոնումների մթնոլորտը չկար, բայց իշխանությունների կողմից կիրառվեց ուռճացված ընտրացուցակների տեխնոլոգիան, մյուսը ընտրակաշառքներ էին, և երրոդը վարչական ռեսուրսի անխնա և տոտալ օգտագործումը: Սակայն բարելավում ևս կար, մամուլը ավելի ազատ էր, իմ աշխատանքի շնորհիվ այնպիսի լրացումներ եղան Ընտրական օրենսգրքում, որով նախընտրական հեռուստագովազդի գինը էժանացավ»,-ասաց նա:

Ա.Մարտիրոսյանի խոսքով, ընտրությունների ընտրախախտումների վերահսկումը իրավապահ մարմինների գործն է, ոչ թե ընդդիմության:

Անդրադառնալով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ գործընկերությանը, նա նշեց, որ դա շատ ճիշտ համագործակցություն էր, և խնդիրը կապված էր բացառապես Խաչատուր Քոքոբելյանի հետ:

««Ժառանգությունը» միշտ համագործակցային քաղաքական ուժ է եղել, իսկ «Ազատ Դեմոկրատներ»-ի հետ համագործակցությունը եղել է «Ժառանգության» ցուցակով, սա դաշինք չէր, այլ «Ժառանգության» քաղխորհրդով հաստատված ցուցակ: Եվ ցավալի է, որ Խ.Քոքոբելյանի հետ որոշակի խնդիրներ առաջացան»,-ասաց նա:

 

 

Ա. Մարտիրոսյան. Այս խորհրդարանից մեծ արդյունավետություն չի կարելի ակնկալել