Մանվել Բադեյան. Հիմա ինչ, ուզո՞ւմ եք ասեմ ափսո՜ս, որ չի առաջադրվում
25/12/2012 13:46

Մանվել Բադեյան. Հիմա ինչ, ուզո՞ւմ եք ասեմ ափսո՜ս, որ չի առաջադրվում

«Էդ մարդն ինձանից լավ գիտի իր չառաջադրվելու պատճառները, իսկ իր առաջ քաշած պատճառն, ուղղակի, պետք է որպես փաստ ընդունել»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով Տեր-Պետրոսյանի չառաջադրումը և պատճառաբանությունը, նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել առաջիկա նախագահական ընտրություններին` պատճառաբանելով իր տարիքը, թե ժամանակն է, որ ասպարեզ իջնեն երիտասարդները:

«Ենթադրություններ անել, թե նա ինչու չի առաջադրվում, նշանակում է տրամաբանության դեմ գնալ»,- ասաց ՀՀԿ պատգամավորը, հավելելով, որ չառաջադրվելու համար Տեր-Պետրոսյանն ավելի ծանրակշիռ պատճառներ ունի, քան կարելի է ենթադրել:

Դիտարկմանը, թե աշխարհում բազմաթիվ քաղաքական գործիչներ կան, ովքեր շատ ավելի մեծ են տարիքով, սակայն զբաղվում են քաղաքականությամբ, առաջադրվում են և ընտրվում, Մ. Բադեյանը կատակով ասաց.«Հիմա ինչ, ուզո՞ւմ եք ասեմ ափսո՜ս, որ չի առաջադրվում»:

Տարիքը, պատգամավորի խոսքերով, հարաբերական երևույթ է, մեկը կարող է 60 տարեկանում իրեն վատ զգալ, իսկ մեկ ուրիշը 90-ում դեռ շարունակել աշխատել. «Դա անհատական է և յուրաքանչյուրն ինքն է գնահատում իր տարիքն ու անելիքը»:
 

Մանվել Բադեյան. Հիմա ինչ, ուզո՞ւմ եք ասեմ ափսո՜ս, որ չի առաջադրվում