.jpg)
«Տեր-Պետրոսյանը հասկանում է` չի կարող լուրջ այլընտրանք լինել»
Ցավալի է, որ Տեր-Պետրոսյանը չի առաջադրվում, և այսօր կարելի է վստահ ասել, որ Սերժ Սարգսյանն ընտրված նախագահ է: Այսպիսով ստացվեց, որ ընտրական գործընթացը զրկվեց անգամ տարրական մրցակցության էլեմենտներից: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով Տեր-Պետրոսյանի չառաջադրումը, նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, ով արդեն 1.5 է տարի է պնդում էր, որ ՀՀ առաջին նախագահը չի առաջադրվելու` որպես նախագահի թեկնածու:
Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել առաջիկա նախագահական ընտրություններին` պատճառաբանելով իր տարիքը, թե ժամանակն է, որ ասպարեզ իջնեն երիտասարդները:
Ս. Սուրենյանցը լուրջ չի վերաբերում Տեր-Պետրոսյանի` չառաջադրվելու փաստարկին, օրինակ բերելով երկրներ, որտեղ ամենևին էլ ֆորսմաժորային իրավիճակ չի եղել, սակայն 60-ն անց քաղաքական գործիչն առաջադրվել է և հաղթանակ բերել: Քաղաքագետն օրինակ բերեց Սիլվիո Բերլուսկոնիին, ով կրկին պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Իտալիայի վարչապետի պաշտոնի համար:
«Տեր-Պետրոսյանի չառաջադրումն այլ` ավելի լուրջ շարժառիթներ ունի, քանի որ նա անցած 5 տարվա ընթացքում փոշիացրեց այն հանրային ռեսուրսը, որ ուներ, կորցրեց իր թիմի երևելի գործիչներին և հիմա խորապես պատկերացնում է, որ քաղաքական մաշվածությունը չի կարող թույլ տալ առաջիկա նախագահական ընտրությունների լուրջ այլընտրանք լինել»,- մանրամասնեց Ս. Սուրենյանցը:
Շարունակելով խոսքը` Ս. Սուրենյանցն ընդգծեց, որ թե 1998-ին, երբ Տեր-Պետրոսյանը նախագահի պաշտոնից հրաժարական տվեց, թե այսօր, երբ, Սուրենյանցի կարծիքով, առաջին նախագահը վերջնականապես հեռանում է քաղաքականությունից, իրենից հետո թողնում է անմխիթար համակարգ:
Ի պատասխան հարցին, թե «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը կարո՞ղ է դառնալ ընդդիմադիր միասնական թեկնածու, քաղաքագետն ասաց, որ վերջինս լուրջ քաղաքական գործիչ է` հուսալով, որ նրան կհաջողվի այս կամ այն կերպ ազատական ուժերին համախմբել իր շուրջ:
«Ցավոք, ՀԱԿ-ն անձնակենտրոն կառույց է և, դժվար թե, Հ. Բագրատյանի կամ այլ անձի շուրջ ՀԱԿ-ում լիարժեք կոնսենսուս լինի: Ամենայն հավանականությամբ, կարծում եմ, Տեր-Պետրոսյանի հեռացումով ՀԱԿ-ը ևս մեկ անգամ կտրոհվի»,- եզրափակեց խոսքը Ս. Սուրենյանցը: