.jpg)
Եթե Բագրատյանը ծանրակշիռ ձայներ տանի, կդառնա ընդդիմության լիդեր
Երեկ ՀԱԿ գրասենյակում ապատիկ տրամադրություն էր տիրում, չնայած Տեր-Պետրոսյանի որոշումը ՀԱԿ անդամների համար անսպասելի չէր: ՀԱԿ գրասենյակում դեռ չէին կողմնորոշվել` ինչ ֆորմատով են մասնակցելու ընտրություններին և արդյոք սատարելո՞ւ են Հրանտ Բագրատյանին, թե չէ:
Ըստ «Հրապարակ»-ի ՀԱԿ աղբյուրների՝ ամենայն հավանականությամբ, որոշում կկայացնեն, որ չեն սատարում, սակայն ՀԱԿ-ից կառանձնանան ուժեր, որոնք, այնուամենայնիվ կսատարեն նախկին վարչապետին: Ըստ ամենայնի, Բագրատյանին կպաշտպանի նաև Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը: Չի բացառվում, որ որոշակի քննարկումներից հետո, երբ կճշգրտվեն խաղի բոլոր բաղկացուցիչները, «Ազատ դեմոկրատները» ևս որոշում կկայացնեն նրան պաշտպանել: Բոլորին հասկանալի է, որ Բագրատյանը, բոլոր դեպքերում, պայքարելու է երկրորդ տեղի համար, ու նրանց բոլորին անչափ հետաքրքիր է` շնորհավորելո՞ւ է Բագրատյանը Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ: Սակայն եթե Բագրատյանը ծանրակշիռ ձայներ տանի, ապա ըստ ամենայնի, կդառնա ՀԱԿ-ի և ընդդիմության դեռևս չճանաչված լիդերը և կկարողանա առաջիկայում նոր քաղաքական ուժ ձևավորել: