Սա օլիգարխների դարաշրջանի մայրամուտն է
26/12/2012 12:56

Սա օլիգարխների դարաշրջանի մայրամուտն է

Օլիգարխները և նրանց դիրքը Հայաստանում, իրականում, նվազում է: Սա օլիգարխների դարաշրջանի մայրամուտն է: Ամփոփելով ներքաղաքական կյանքն անցնող տարում՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:

Իշխանությունն ու կառավարությունը, վերլուծաբանի խոսքերով, հասկացել են, որ օլիգարխները թիվ մեկ թշնամին են երկրի համար. «Օլիգարխներն այլևս չեն կարող ամրապնդել իրենց ուժը երկրում»:

Խոսելով մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների մասին՝ Ռ. Կիրակոսյանն ասաց, որ դրանք լավն էին, սակայն բավարար չէին. «Այդ ընտրություններն արտացոլում են ներկա վիճակը, և հենց այդ ընտրությունների միջոցով կա ներկայիս դինամիկ ընդդիմությունը»:

Ինչ վերաբերում է հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններին, Ռ.Կիրակոսյանն ասաց, որ մենք սահմանագծին ենք մոտենում. «Պարզ է, որ գործող նախագահը կվերընտրվի, սակայն ընտրությունները կլինեն ոչ մրցակցային, ինչը նշանակում է, որ ընտրական գործընթացը պետք է լինի ազատ և արդար»,- ասաց վերլուծաբանը, հավելելով, որ ընտրություններից սպասումները բարձր կլինեն, քանի որ մրցակցությունը ցածր մակարդակի վրա է:

Նախագահական ընտրություններից հետո, վերլուծաբանի խոսքերով, հնարավոր է նոր քաղաքական կամք ձևավորվի:

«Մենք տեսնում ենք խորը կոնֆլիկտ, որը կլինի ոչ թե իշխանության և ընդդիմության միջև, այլ հենց իշխանության վերնախավում»,- ասաց նա, եզրափակելով խոսքը, որ դա ոչ թե միայն քաղաքական կուսակցության, այլ քաղաքական համակարգի խնդիրն է: 

Սա օլիգարխների դարաշրջանի մայրամուտն է