.jpg)
2012-ի ազդեցիկ քաղաքական գործիչը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է
Հայաստանի քաղաքական կյանքում 2012-ի ազդեցիկ քաղաքական գործիչը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, ում հաջորդում է Գագիկ Ծառուկյանը, ապա` Տիգրան Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Արթուր Բաղդասարյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սոցիոմետեր» անկախ սոցոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:
Ներկայացնելով հարցման արդյունքները` Ա. Ադիբեկյանն ասաց, որ հարցման նպատակն էր` պարզել, թե ազդեցիկ քաղաքական գործիչների շարքում ինչպիսի՞ն է նախագահի պաշտոնին հավակնող հնարավոր թեկնածուների տեղը:
«Փաստորեն` առաջիկա նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանի լուրջ մրցակիցը կարող է լինել Րաֆֆի Հովհաննիսյանը»,- ասաց Ադիբեկանը` հավելելով, որ Ծառուկյանի չառաջադրվելը չի ազդել նրա ազդեցիկության վարկանիշի վրա:
Ազդեցիկության աստիճանը, Ադիբեկյանի ներկայացմամբ, որոշվել է մի քանի հատկանիշներ հաշվի առնելով` վերահսկել իրողությունը, պաշտոնանկ անել, պաշտոն տալ, հանդիպել այլ երկրների առաջին դեմքերի հետ, ֆինանսական միջոցներ բերել և այլն:
Հարցման արդյունքում պարզվել է նաև, որ հարցվածների միայն 60 տոկոսն է հետաքրքրվում քաղաքականությամբ:
Նշենք, որ հարցումն անցկացվել է դեկտեմբերին, հանրապետության բոլոր մարզերում, 1400 չափահաս բնակիչների շրջանում: