Եվրոպական ինտեգրումը շարունակում է մնալ ՀՀ-ի գերակայություններից մեկը
27/12/2012 11:28

Եվրոպական ինտեգրումը շարունակում է մնալ ՀՀ-ի գերակայություններից մեկը

«2012թ.-ի եվրաինտեգրման գործընթացը Հայաստանի համար առանձնանում էր այդ գործընթացի խորությամբ և ինտենսիվությամբ և տարբերում էր 2011թ.-ից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով ՀՀ-ԵՄ հարաբերություններում 2012թ.-ին արձանագրած արդյունքները և եվրոպական ինտեգրման ճանապարհին Հայաստանի ձեռքբերումները` ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը:

Նա նշեց, որ եվրոպական մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելեցին Երևան, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և արտգործնախարարը այցելել են Բրյուսել, և փոխայցելությունների ինտենսիվությունը, դինամական բավականին բարձր էին:

«Ստորագրվեց ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման մասին պայմանագիրը, ինչը նույնպես կարևոր քայլ էր ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման առումով»,-նշեց Կ. Բեքարյանը:

Բավականին մեծ տեմպ էր տրված այս տարվա ընթացքում խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի վերաբերյալ բանակցություններին, իսկ այդ համաձայնագիրը շատ կարևոր է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար:

Բեքարյանը կարևորեց նաև ՀՀ ԱԺ-ի և Եվրոպական խորհրդարանի միջև համագործակցությունը, ինչը նույնպես կարևոր է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման առումով:

Բանախոսը նշեց, որ ԵՄ-ը բարձր գնահատեց այս տարի Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները, ինչը նույնպես կարևոր ձեռքբերում է:

«Եվրոպական գործընթացում մենք ֆիքսում ենք նաև ինստիտուցիոնալ կապերի հաստատումը Հայաստանի և ԵՄ-ի միջև, այդ թվում Հայաստանի երեք կուսակցությունների անդամակցությումը Եվրոպական ժողովրդական կուսակցությանը»,-ասաց քաղաքագետը:

Նրա խոսքերով, եվրոպական ինտեգրումը շարունակում է մնալ ՀՀ-ի արտաքին քաղաքական գերակայություններից մեկը, ինչի մասին իր ելույթում նշել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
 

Եվրոպական ինտեգրումը շարունակում է մնալ ՀՀ-ի գերակայություններից մեկը