.jpg)
Արտաքին գովազդի համար հայտ ներկայացրել է դեռ 6 թեկնածու
Փետրվարի 18-ին կայանալիք Հանրապետության նախագահի ընտրություններում առաջադրված 15 թեկնածուներից միայն 6-ն են սահմանված ժամկետում` մինչև հունվարի 4-ը, ներկայացրել հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու հայտեր: Այս մասին հայտնում են «Փաստինֆո» գործակալությունից:
Հայտեր ներկայացրել են ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ռադիո Հայ» ՍՊԸ ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանը:
Թեկնածուների ներկայացրած հայտերի հիման վրա արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը թեկնածուների միջև կբաշխվի ԿԸՀ-ի որոշմամբ: Այն վահանակները և վահանակների կողմերը, որոնց վերաբերյալ ներկայացված է միայն մեկ հայտ, պաստառներ փակցնելու իրավունքը կվերապահվի միակ հայտը ներկայացրած թեկնածուին: Մնացած վահանակները, այդ թվում` վահանակի կողմերը, որոնց վերաբերյալ ներկայացվել են մեկից ավելի հայտեր, կառանձնացվեն որպես մրցակցային վահանակներ:
ԿԸՀ-ն դրանք թեկնածուների միջև կբաշխի, ապահովելով հավասար բավարարման սկզբունքը: Յուրաքանչյուր թեկնածուին հասանելիք վահանակների կողմերի քանակի հաշվառմամբ կիրականացվի էլեկտրոնային վիճակահանություն: Միևնույն վահանակի երկու կողմերը բաժին կընկնեն տարբեր թեկնածուների: