.jpg)
Ր.Հովհաննիսյան. Լինելու է Սերժի և Րաֆֆիի Հայաստանների պայքար
Նախագահի թեկնածուներ Պարույր Հայրիկյանը և Հրանտ Բագրատյանը արժանի մրցակիցներ են և' գործող նախագահ Սերժ Սարգսյանին, և' Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նախագահական ընտրություններին, Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով, Հայաստանում պետք է տեղի ունենա ընտրական հեղափոխություն, որի միջոցով ժողովուրդը ջարդելու է իշխանական, ուժային, հարկային, մաքսային համակարգը:
«Ես հարգում եմ բոլոր թեկնածուներին, հատկապես Պարույր Հայրիկյանին և Հրանտ Բագրատյանին: Ամենահեշտը տանը նստելն է… իսկ իրենք որոշեցին մասնակցել»,- ասաց նախագահի թեկնածուն:
Ինչ վերաբերում է շրջանառվող տեսակետին, թե նախագահական ընտրությունները մրցակցային չեն լինի, Ր.Հովհաննիսյանն ասաց, թե նման խոսակցությունները սխալ են:
«Ով տանը մնա, կամա թե ակամա, մասնակցում է քաղաքացիական, քաղաքական հնազանդության հաղթարշավին և ուզում է չմասնակցելով ապահովել այս իշխանության վերարտադրումը, իսկ դա պետք է բացառել»,- ասաց նա:
Եզրափակելով խոսքը` Ր.Հովհաննիսյանն ասաց. «Փետրվարի 18-ին լինելու է Սերժի և Րաֆֆիի Հայաստանների պայքարը. այս պայքարը լինելու է «դե ֆակտո» Հայաստանի և «դե յուրե» Հայաստանի միջև»: