«Եթե ընտրությունները կեղծվեն, ակնկալում եմ քաղաքացիական պայքար հրապարակում»
08/01/2013 13:27

«Եթե ընտրությունները կեղծվեն, ակնկալում եմ քաղաքացիական պայքար հրապարակում»

Ազատ, արդար ընտրությունների դեպքում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է և’ շնորհավորել հաղթողին, և’ ընդունել շնորհավորանք: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Եթե ընտրությունները կեղծվեն, ակնկալում եմ` քաղաքացիական պայքարը հրապարակում կշարունակվի փետրվարի 19-ից հետո»,- ասաց նախագահի թեկնածուն:

Շարունակելով խոսքը` Ր. Հովհաննիսյանն ասաց, որ նախագահական ընտրություններին կլինեն անակնկալներ, կլինեն քաղաքացիական դրսևորումներ, անսովոր քայլեր, բայց եթե 10 օր անց ապահովված լինի ազատ մրցակցային դաշտ, ինչպես ՀՀ նախագահից իր նամակով է պահանջել, կլինի դասական ընտրապայքար:

Խոսելով ընտրությունների արդեն իսկ կանխատեսելի արդյունքների մասին` նախագահի թեկնածուն նկատեց, որ համամիտ չէ, թե դրանք կանխատեսելի և կանխորոշված են. «Նա, ով այդպես է ասում, ինչ-որ տեղ հեգնում է ՀՀ քաղաքացուն և ժողովրդին: Կոչ եմ անում բոլորին մաս կազմել այս քաղաքական գործընթացին, որովհետև արշալույսը 19-ին չի գալու, եթե 18-ին ընտրության չգնանք»:
 

«Եթե ընտրությունները կեղծվեն, ակնկալում եմ քաղաքացիական պայքար հրապարակում»