.jpg)
ԲՀԿ նախագահի թեկնածուն դուրս եկավ ընտրապայքարից. Հանդիպել էր ԲՀԿ-ականներին
«ԲՀԿ իմ ընկերների հետ խորհրդակցելուց հետո որոշեցի, որպես օրինապաշտ քաղաքացի, չխախտել կուսակցության կանոնադրությունը և ենթարկվել քաղխորհրդի որոշմանը»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով ընտրապայքարից դուրս գալու որոշումը, ասաց նախագահի այլևս նախկին թեկնածու, ԲՀԿ-ական Ռուբեն Այվազյանը:
Հիշեցնենք, որ դեռևս դեկտեմբերի 12-ին ԲՀԿ քաղխորհրդի նիստը որոշում էր կայացրել փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին չառաջադրել սեփական թեկնածու և չսատարել որևէ թեկնածուի:
Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն նման որոշում կայացրել էր դեռ դեկտեմբերի 12-ին, իսկ ինքը առաջադրվել էր դեկտեմբերի 31-ին, ինչպե՞ս կմեկնաբանի, նախկին նախագահի թեկնածուն ասաց, թե ինքը պարզապես օգտվել է իր սահմանադրական իրավունքից և որոշել առաջադրվել:
Հարցին, թե երբ առաջադրվում էր, ակնակում էր` ԲՀԿ-ն կսատարի իր թեկնածությունը, Ռ. Այվազյանն ասաց, որ ինքն ընդհանրապաես սատարելու կարիք չունի. «Ես 2 տարի է՝ մշակել եմ իմ ծրագիրը` Հայաստանն այս վիճակից հանելու համար: Ես որևէ մեկի աջակցության կարիքը չեմ զգում»,- ասաց նա` մանրամասնելով, որ իր առաջադրմամբ չէր ներկայացնում կուսակցությունը, քանի որ նախագահության անդամ չէ. «Եթե ես նախագահության անդամ լինեի, պարզ է` չէի առաջադրվի»:
Ի դեպ, ԲՀԿ-ական Ռ. Այվազյանը չցանկացավ կոնկրետ անուններ նշել, թե ում հետ է հանդիպել ԲՀԿ-ից, «իմ ընկերների հետ»` միևնույն ժամանակ հավաստիացնելով, որ իր վրա որևէ ճնշում չի եղել:
Ի պատասխան հարցին, թե ԲՀԿ-ական ընկերները նախագահական ընտրապայքարից դուրս գալու առաջակից բացի, այլ փաստարկներ առաջ քաշե՞լ են, Ռ. Այվազյանն ասաց, թե այլ փաստարկ չի ներկացվել, սակայն. «Այս հանդիպումն իմ առաջարկով է եղել, որովհետև ես ուզում էի ճշտել, թե այն, ինչ այսօր մամուլում հրապարկվեց, թե ԲՀԿ-ն չի սատարելու իմ թեկնածությունը, ճիշտ է, թե ոչ»: