.jpg)
Նախագահի թեկնածու. Իմ պարտքն էր` կանգնել ջախջախված ՀԱԿ-ի կողքին
«Բացարձակապես ճշմարտություն է, որ ես մասնակցել եմ ՀԱԿ-ի Կրթության և գիտության հանձնաժողովի նիստերին»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվությունը, այս մասին ասաց նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը:
Նշենք, որ, ըստ տեղեկատվության, էպոսագետ, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը մի քանի տարի առաջ մասնակցել է Հայ ազգային կոնգրեսի Կրթության ու գիտության հանձնաժողովի նիստերին:
«Մարտի 1-ից հետո, երբ Կոնգրեսի շատ ու շատ անդամներ ձերբակալված էին, ես իմ պարտքը համարեցի, այսպես ասած, պատմական ժամանակաշրջանում կանգնել այդ ջախջախված և պարտված ուժի կողքին»,- մանրամասնեց նախագահի թեկնածուն:
Նա հայտնեց նաև, որ երկար տարիներ է, ինչ ընկերներ ունի ՀԱԿ-ից և այդ կերպ փորձել է օգնել նրանց: Հետագայում, ինչպես ներկայացրեց Վ.Սեդրակյանը, երբ ՀԱԿ անդամները դուրս եկան բանտից, այլևս անելիք չուներ այնտեղ:
«Ես կարծում եմ, որ Մարտի մեկից հետո իրեն հարգող ցանկացած մարդ պետք է կանգներ հենց այդ ուժի կողքին»,- նկատեց էպոսագետը:
Հարցին, թե մասնակցել է միայն ՀԱԿ կրթության և գիտության հանձնաժողովի՞ նիստերին, թե՞ այլ նիստերի էլ է մասնակցել, Վ. Սեդրակյանը նշեց, թե ՀԱԿ-ի ուրիշ հանձնախմբերի նիստերին մասնակցելու ցանկություն եթե ունենար էլ, չէր կարող մասնակցել, «քանի որ այն ժամանակ քաղաքականությամբ չէի զբաղվում»:
«Իմիջայլոց, ես ասեմ` ինքնուրույն չեմ գնացել, խնդրել, որ մասնակցեմ, դա ուղղակի մարդկային և քաղաքացիական պարտք էր»,- եզրափակեց իր խոսքը Վարդան Սեդրակյանը: