Կոչ` նախագահի թեկնածուներին. Սերժ Սարգսյանին թողեք միայնակ
09/01/2013 13:26

Կոչ` նախագահի թեկնածուներին. Սերժ Սարգսյանին թողեք միայնակ

«Նախագահի բոլոր թեկնածուներին, բացի Սերժ Սարգսյանից, կոչ եմ անում հանել իրենց թեկնածությունը, և նրան թողնել միայնակ»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը:

Շարունակելով խոսքը՝ նախագահի թեկնածուն ասաց, որ եթե թեկնածուները Սերժ Սարգսյանին թողնեն միայնակ, ապա վերջիս «չի ստանա նույնիսկ 50 տոկոս ձայն, եթե իհարկե չկեղծվեն ընտրությունները»:

Ի տարբերություն նախորդ ընտրությունների, Ա. Հարությունյանը կարծում է, որ առաջիկա ընտրություններում կեղծ թեկնածուներ չկան. «Որոնք կային նախորդ ընտրություններին և որոնք հիմա բնակվում են ՀՀԿ-ի նկուղներում»,- ասաց նախագահի թեկնածուն՝ մատնանշելով Արտաշես Գեղամյանին, Վազգեն Մանուկյանին և այլն:

Ա. Հարությունյանը վստահ է, որ ընտրությունների երկրորդ փուլ պետք է լինի, իսկ ինքը պատրաստ է կանգնել այն թեկնածուի կողքին, ով երկրորդ փուլում կհայտնվի Սերժ Սարգսյանի դիմաց:

Եզրափակելով խոսքը՝ Ա. Հարությունյանն ասաց, որ նախագահի թեկնածուների միջև բանավեճեր չկան և հիմնականում մենախոսություններ են, ինչը, ըստ նրա, նշանակում է մրցակցություն չկա: Ի դեպ, Ա. Հարությունյանը բոլոր թեկնածուներին հրավիրեց բանավեճի՝ նկատելով, որ բոլորը խուսափում են բանավեճերից: 

Կոչ` նախագահի թեկնածուներին. Սերժ Սարգսյանին թողեք միայնակ