.jpg)
Ա. Հարությունյանը չի բացառում ինքնաբացարկը` ընտրությունից 10 օր առաջ
Իշխանությունները սարսափած են, քանի որ պարզվում է, որ Հայաստանում իշխանափոխություն անելու համար ութ միլիոն դրամը բավարար է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանժամանակ ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, երկրի նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը:
Նա կրկին բողոքեց, որ իր դեմ սև PR է տարվում, ինչի մասին վկայում է նաև «մինչև վերջերս ԶԼՄ-ների կողմից անտեսված լինելը»:
Հարցին, թե նախագահ ընտրվելու դեպքում, որո՞նք են լինելու իր առաջին երեք հրամանագրերը, Արամ Հարությունյանն ասաց. «Երկրի համար առաջին քայլն է պետք, որը քաղաքական կամքն է: Սերժ Սարգսյանի ծրագիրը վատը չէ, պարզապես քաղաքական կամք չունի»,- ասաց նա:
Նախագահի թեկնածուն կարծում է, որ իշխանությունները շատ ուրախ կլինեն, եթե ինքը հենց հիմա հրաժարվի ընտրապայքարից, սակայն. «Ես կարևորում եմ նախընտրական քարոզարշավը, կողմ եմ, որ նախագահի թեկնածուներն ընտրություններից նույնիսկ տասն օր առաջ հրաժարվեն ընտրապայքարից»,- ասաց նա` միևնույն ժամանակ չբացառելով, որ ինքը նույնպես ընտրություններից տասն օր առաջ ինքնաբացարկ կներկայացնի: