ԿԳ նախարար. Մենք պարտավոր ենք սահմանել ավելի բարձր նշաձող
14/01/2013 14:25

ԿԳ նախարար. Մենք պարտավոր ենք սահմանել ավելի բարձր նշաձող

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել 2013 թվականի առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Այս մասին հաղորդում են ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Խորհրադակցությանը մասնակցել են նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:

Նշելով որ սպասվում է լարված աշխատանքային տարի՝ նախարարը շեշտել է անկախ նախորդ տարվա ձեռքբերումներից ու արդյունքներից` հանրապետության ղեկավարության և հանրության սպասելիքներն ու պահանջները բոլոր նախարարություններից գնալով մեծանում են:

Նախարարը հանձնարարել է նախապատրաստել աշխատանքային տարվա ընթացիկ միջոցառումների ծրագրերը՝ հիմք ընդունելով կառավարության կողմից նախորդ շաբաթ հաստատված 2013 թվականի աշխատանքային տարվա ծրագիրն ու դրանցում ամրագրված կրթության ոլորտի գերակայությունները:

Նախարարի հանձարարությամբ կրթության ոլորտի միջոցառումների համար կսահմանվի մեկամսյա պարբերականությամբ հաշվետվություններ ներկայացնելու ժամանակացույց:

«Մենք պարտավոր ենք սահմանել աշխատանքային ավելի բարձր նշաձող: Հանրության, ինչպես նաև պետության ղեկավարության սպասելիքները մեծ են: Հանրությունը մեզանից ավելի արագ և շոշափելի արդյունքներ է պահանջում, ավելին պատրաստ է նաև մասնակից լինել այդ գործընթացներին»,- նշել է նախարարը և որպես հիմնական պահանջ կարևորել բաց և թափանցիկ աշխատաոճը:

«Մենք պարտավոր ենք աշխատել հանրության համար` մաքսիմալ հասանելի լինելու սկզբունքով: Ցանկացած հանրային ազդակ և դժգոհություն, կապված բաց աշխատանքի հետ, անպայման կստանա խիստ արձագանք իմ կողմից»,- նշել է  նախարարը:

Առաջիկա նախագահական ընտրություններով պայմանավորված, հանրապետությունում քաղաքական ակտիվ գործընթացների համատեքստում, նախարար Ա.Աշոտյանը շեշտել է, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ համակարգի ներկայացուցիչներն իրավունք չունեն աշխատանքային պարտավորությունները կատարելիս քաղաքական գործունեությամբ զբաղվել: Լինելու է խիստ վերահսկողություն նման դրսևորումները բացառելու համար, ինչպես նաև բոլոր այն երևույթների նկատմամբ, որոնք կարող են ստվեր նետել մեր երկրում բացառիկ թափանցիկ և արդար ընտրությունների կազմակերպման գործընթացի վրա:

 

ԿԳ նախարար. Մենք պարտավոր ենք սահմանել ավելի բարձր նշաձող