.jpg)
Հորմուզի զորավարժությունները նախազգուշացում են ԱՄՆ-ի Ծոցի դաշնակիցներին
«Իրանի կողմից Հորմուզյան նեղուցում տեղի ունեցած զորավարժությունները պատասխան էին Պարսից ծոցի համագործակցության անդամ երկրների ընդունած հակաիրանական հայտարարությանը, ըստ որի այդ երկրները նպատակ ունեն ստեղծել միասնական զինված ուժեր»,-Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հորմուզյան նեղուցում իրանական զինված ուժերի անցկացրած զորավարժություններին և դրանց դրդապատճառներին՝ ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը:
Նա նշեց, որ Իրանը պարբերաբար զորավարժություններ է անցկացնում Հորմուզյան նեղուցում և ամբողջ Պարսից ծոցում:
«Իրանի զորավարժությունները նպատակ ունեն ցուցադրելու իրանական զինված ուժերի ներուժը»,-նշեց Ա. Իսրայելյանը:
Ըստ նրա՝ Իրանի և Արաբական Միացյալ էմիրությունների միջև գոյություն ունեն հակասություններ Պարսից ծոցում առկա 3 կղզիների` Մեծ Թոմբ, Փոքր Թոմբ և Աբու-Մուսա կղզիների պատկանելիության հետ կապված:
«Միացյալ Էմիրությունները, ԱՄՆ-ի դրդմամբ անընդհատ հայտարարում են, որ այդ կղզիները պատկանում են իրենց»,-նշեց նա:
Իրանագետն ասաց, որ իրանական զորավարժությունները սերտերոն կապված են աշխարհաքաղաքական այն զարգացումների հետ, որոնք տեղի են ունենում Իրանի շուրջ:
«Այն ժամանակ, երբ տեղեկատվություն է տարածվում Իրանի միջուկային խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին, Թեհրանը դրան պատասխանում է զորավարժություններ անցկացնելով»,-հավելեց բանախոսը: