.jpg)
Հ.Սահակյան. ՀՀԿ-ին պետք չէ մեղադրել որոշ թեկնածուների չառաջադրվելու համար
«Այս նախագահական ընտրություններին մասնակցում են հարգանքի արժանի մարդիկ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Չնայած սրան, Հովհաննես Սահակյանի կարծիքով, անցած ուղի ու քաղաքական կապիտալ ունեցող թեկնածուները քիչ են: «Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանն ու Պարույր Հայրիկյանն ունեն որոշակի քաղաքական կապիտալ: Նույնը չեմ կարող ասել մնացած թեկնածուների մասին»,- ասաց Սահակյանը:
Ըստ ՀՀԿ պատգամավորի վարկանշային կարելի է համարել հենց վերոնշյալ երեք թեկնածուներին` գործող նախագահի հետ միասին:
Ինչ վերաբերում է մի քանի ուժերի չմասնակցությանն այս ընտրություններին, ապա, Սահակյանի կարծիքով, յուրաքանչյուր ուժ իր քայլերի ու իմիջի համար ինքն է պատասխանատու:
«Իմիջի գործոնները կախված են տվյալ քաղաքական ուժերից, այլ ոչ թե՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Մենք գիտենք մի շարք պոտենցիալ թեկնածուների չառաջադրվելու որոշումների մասին, սակայն, ներեցեք, ՀՀԿ-ին դրանում պետք չէ մեղադրել»,-ասաց Սահակյանը: