Սաֆարյան. Իշխանափոխության մեր շանսը Րաֆֆի Հովհաննիսյանն է
16/01/2013 14:32

Սաֆարյան. Իշխանափոխության մեր շանսը Րաֆֆի Հովհաննիսյանն է

«Մայիսին ներկայիս Նախագահի թիմը դիմում էր ժողովրդին և կոչ էր անում հավատալ, որ փոխեն, այսօր նույն ժողովուրդը ոչ մի ռեալ փոփոխություն չի տեսնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը:

«Սերժ Սարգսյանն այսօր մի շարք հրապարակումներով ու սոցիալական հարցումներով փորձում է ցույց տալ, որ ունի նույն վարկանիշը, ինչ 2008-ին: Նման բան իհարկե չկա: Նրա կողքին չկա սատարող ԲՀԿ, չկա իշխանություն փոխանցող Քոչարյան և ընդհակառակը՝ կա այս տարիների վատ կառավարման փորձ և «Մարտի 1-ի» իրադարձություններ»,-ասաց Սաֆարյանը:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը ավելացրեց, որ ժողովուրդն այսօր ծայրահեղ դժգոհ է, եթե իշխանություններին հաջողվի ընտրողներին ընտրատեղամաս բերել, ապա կհաջողվի հասնել ռեալ արդյունքների:

«Մենք այժմ հանդիպումներ ենք ունենում մարզային ակտիվիստների հետ և ես անձամբ եմ տեսնում, թե ինչպես է Րաֆֆի Հովհաննիսյանն ընդամենը 20-30 րոպեում կարողանում մարդկանց մեջ կոտրել հուսահատությունն ու անվստահությունը: Այսօր իշխանափոխության մեր միակ շանսը Րաֆֆի Հովհաննիսյանն է»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Սաֆարյանն անդրադարձավ նաև ներկայիս նախագահի ընտրած կարգախոսին՝  «Դեպի ապահով Հայաստան»: Ըստ Սաֆարյանի՝ այն «ծայրահեղ վատն է» և հարիր կլիներ օրինակ ընդդիմադիր թեկնածուի: «Նրանք ևս մեկ անգամ են կրկնում, որ այժմ մենք անապահով Հայաստանում ենք ապրում»,-ասաց Սաֆարյանը:
 

Սաֆարյան. Իշխանափոխության մեր շանսը Րաֆֆի Հովհաննիսյանն է