Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ն «Միասնական շտաբ 2-ում» չի լինի
17/01/2013 19:12

Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ն «Միասնական շտաբ 2-ում» չի լինի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երբեք չի կանգնելու կազմաքանդման եզրին, որովհետև այն գաղափարական լուրջ, համախմբված և կուռ կուսակցություն է: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով շրջանառվող տեսակետը, թե եթե ԲՀԿ-ն կոալիցիա չմտնի, կկանգնի կազմաքանդման եզրին, նման վստահություն հայտնեց ԱԺ ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«ԲՀԿ-ում պատեհապաշտներ չկան. այստեղ, կոնյուկտուրայից դրդված, այս կամ այն ճամբարներ փախնողներ նույնպես չկան: ԲՀԿ-ն հստակ նախանշված ծրագրով առաջ է գնում և որևէ դեպքում կազմաքանդման եզրին չի կարող կանգնել»,- ասաց Ն. Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է կոալիցիայի կազմում ԲՀԿ-ի հնարավոր մուտքին, Ն. Զոհրաբյանն ընդամենը իր կարծիքը հայտնեց, թե չի տեսնում նման բան:

«Եթե մենք նախագահական ընտրություններին չենք մասնակցում, եթե մենք դեմ ենք վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականությանը, ապա կոալիցիա մուտք գործելու հեռանկար չեմ տեսնում»,- պարզաբանեց Ն. Զոհրաբյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է` նախագահական ընտրություններից հետո, ինչպես ԱԺ ընտրությունների ժամանակ, ստեղծվի «Միասնական շտաբ 2-ը», ԱԺ պատգամավորը նկատեց, որ եթե նույնիսկ նման շտաբ ստեղծվի, ապա ԲՀԿ-ն չի մասնակցի, քանի որ «մենք այս ընտրություններին որևէ ձևաչափով չենք մասնակցում և որևէ թեկնածուի չենք սատարում»:
«Ընտրությունները թող վերահսկեն բոլոր նրանք, ովքեր մասնակցում են ընտրություններին»,- ընդգծեց Ն. Զոհրաբյանը:

Խոսելով նախագահական ընտրություններին ԲՀԿ-ի ընտրազանգվածին ուղղորդելու մասին` Aysor.am-ի զրուցակիցը հիշեցրեց, որ իրենք թեկնածու չեն առաջադրել և «ընտրական հանձնաժողովում մեր անդամները մեկ խնդրի են հետամուտ լինելու` պաշտպանել ընտրողների քվեները»:

Ի դեպ, Ն. Զոհրաբյանն ասաց, որ իրենց ընտրողների որևէ ուղղորդում չեն տալու, և նրանցից յուրաքանչյուրն ազատ է իր ընտրության մեջ:
 

Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ն «Միասնական շտաբ 2-ում» չի լինի