Անդրիաս Ղուկասյան. Ամեն ինչ Աստծու ձեռքում է
21/01/2013 11:07

Անդրիաս Ղուկասյան. Ամեն ինչ Աստծու ձեռքում է

ՀՀ նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Անդրիաս Ղուկասյանն այսօրվանից անժամկետ հացադուլ է հայտարարել: Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց նա իր հետ բերել է աթոռ, «Վերջ շինծու ընտրություններին» հայերեն և անգլերեն լեզուներով պաստառներ, ջուր և նոթատետր, որում պետք է վերլուծություն կատարի Հայաստանի արտաքին քաղաքական իրավիճակի վերաբերյալ: 

Քաղաքագետը իր հետ վրան չէր բերել, քանի որ նրա խոսքով, այս պայմաններում հայրենիքը պաշտպանում են մեր երկրի զինվորները:  «Ես գտնում եմ, որ քաղաքական գործիչը ևս պետք է պատրաստ լինի նման կերպ պայքարել: Ես կավարտեմ հացադուլն այն ժամանակ, երբ երկրում ազատ ընտրությունների պայմաններ կլինեն, իշխող կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին, կամ միջազգային դիտորդական առաքելությունը կկասցենի իր առաքելությունը և դուրս գա երկրից»,-ասաց նա:  

Հարցին, իսկ եթե ոչինչ էլ չլինի, և փետրվարի 18-ին կայանան ընտրությունները, նա նշեց, որ կյանքում երբեք այնպես չի լինում, որ ոչինչ չի լինում, ամեն ինչ Աստծու ձեռքում է,  և առայժմ այդ մասին խոսելը վաղ է:

Նրա խոսքով, իրենք ձևավորել են քաղաքական թիմ, որն էլ որոշել է, որ ինքը հացադուլ պետք է անի մենակ:

«Ես կողմնակիցներ ունեմ, բայց եթե 100 մարդ դուրս գա փողոց, կասեն, որ դրանով թուլացնում ենք երկիրը: Ուստի մենք որոշել ենք, որ մի հոգի պետք է իր բողոքը ներկայացնի: Մենք ձևավորել ենք քաղաքական թիմ, որը հետագայում իր աշխատանքը ցույց կտա»,-ասաց Ա. Ղուկասյանը: 

Նրա խոսքով, իրենց թիմի անդամներից շատերին տեսել են քաղաքացիական ակցիաներում, և հետագայում նրանց ավելի լավ կճանաչեն, բայց ոչ մի քաղաքական կուսակցական ուժի հետ իրենք չեն համագործակցում:

Այն հարցին, իսկ հացադուլը որևէ կապ ունի՞ հունվարի 20-ից սկսված Առաջավորաց պահքի հետ, նա նշեց, որ ինքը ոչ եկեղեցական քրիստոնյա է, և  քրիստոնային հատուկ վարքագիծը ամենայն խստությամբ չի պահպանում: 

 

 

Անդրիաս Ղուկասյան. Ամեն ինչ Աստծու ձեռքում է