.jpg)
Վիրահայերը սատարում են Սերժ Սարգսյանին
«Վիրահայերի միասնություն» ՀԿ-ն առաջիկա նախագահական ընտրություններում կպաշտպանի նախագահի թեկնածու, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կազմակերպության ղեկավար, ԱԺ ՀՀԿ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:
«Ես այս հայտարարությունն անում եմ բազմահազար վիրահայերի անունից: Իմ այս կարծիքն են արտահայտում նաև Ջավախքի բնակչության շրջանում տիրող տրամադրությունները»,- ասաց Տ. Վարդապետյանը:
Դիտարկմանը, թե խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ջավախքը ձեռնպահ մնաց որևէ կուսակցության պաշտպանելուց՝ Ջավախքի վերաբերյալ նախընտրական ծրագրերի կատարումից` դժգոհ լինելով իշխող կուսակցությունից, Տ. Վարդապետյանը չկիսեց այդ տեսակետը և ասաց. «Չեմ կիսում կարծիքը, որ ԱԺ ընտրություններին Ջավախքը ձեռնպահ էր, որովհետև կա տարեգրություն: Կոնկրետ մեր կազմակերպությունը նաև այն ժամանակ հայտարարել էր, որ սատարում է ՀՀԿ-ին: Այնպես որ, Ջավախքը ձեռնպահ չի եղել, և դրա դրսևորումը նաև Ջավախքի պատգամավորների ներկայացվածությունն է ՀՀԿ խմբակցությունում»:
Անդրադառնալով Վրաստանում հայազգի քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի հարցին` ԱԺ պատգամավորն ասաց, որ այդ թեմայով խոսել է Վրաստանի վարչապետ Իվանաշվիլիի հետ Հայաստան ժամանած Վրաստանի նորընտիր խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանի հետ. «Ինձ հավաստիացվեց, որ պարզապես ձգձգվում է, բայց անպայման լուծում է տրվելու»: