Վ.Սեդրակյանը տանը նստած հետևելու է, ինչպես են մյուսները մարզերում վազվզում
21/01/2013 12:21

Վ.Սեդրակյանը տանը նստած հետևելու է, ինչպես են մյուսները մարզերում վազվզում

ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը մինչև փետրվարի 1-ը չի բաժանելու որևէ բուկլետ կամ վահանակներ չի տեղադրելու, և քարոզարշավն անցկացնելու է հիմնականում լրագրողների հետ հանդիպումների միջոցով: Այս մասին այսօրվա ասուլիում ասաց Վ. Սեդրակյանը:

Նրա խոսքով, ինքը ազգաբնակչությանը ձեռքով, գլխով, աչքով բարևելու մտադրություն չունի, և տանը նստած հետևելու է, թե ինչպես են մյուս թեկնածուները «մարզերում վազվզելու», փոխարենը սերտ համագործակցելու է մարզային հեռուստաընկերությունների հետ ու իր քարոզարշավը այդ կերպ է անցկացնելու: 

Վ.Սեդրակյանի կարգախոսն է` «Աստված վերևում է», որը թեկնածուի խոսքով, վերցրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպից: «Վեպում քաղաքում անհասկանալի հիվանդություն է տարածվում, որից մարդիկ կորցնում են իրենց հիշողությունը, և այն վերջնականապես չկորցնելու համար մի մեծ պաստառի վրա գրում են` «Վերևում Աստված կա» և կախում քաղաքում, որ գոնե դա հիշեն: Իմ նպատակն է երեք նախկին նախագահներին հիշեցնել, որ Հայաստանին այս թշվառ, ողորմելի վիճակին հասցրել են իրենք, և անկախ նրանից, ընդունում են դա, թե ոչ, միևնույն է, Աստված կա ու մի օր նրանք պատասխան են տալու իրենց կատարածների համար: Ես առաջարկում եմ չորս նախագահների ինստիտուտը, որը շանս կտա նրանց իրենց կյանքի վերջում ուղղել իրենց սխալները»,- ասում է Վ. Սեդրակյանը:

Հարցին, իսկ եթե չընտրվեք, նա պատասխանեց ինչպես միշտ` «այդպիսի բան չի կարող լինել»:

Նրա խոսքով, ինքը բոլոր թեկնածուներից առաջատար է ըստ ինտերնետային կայքերում անցկացված հարցման, իսկ Սերժ Սարգսյանը երկրորդ տեղում է, մյուս թեկնածուների վիճակը խիստ անբարենպաստ է. «Իմ օգտին քվեարկել են այդ կայքում քվեարկությանը մասնակցած ընտրողների մոտ 33 %-ը: Խիստ անբարենպաստ են թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ մեր հրաշալի եռյակի` Բագրատյանի, Հայրիկյանի և Հովհաննիսյանի հավաքած ձայները»:

Այս պատճառով էլ էպոսագետը մինչև փետրվարի 1-ը ակտիվ քարոզարշավ չի անցկացնի, որ մյուսները մի քիչ բարելավեն իրենց դիրքերը: 

Ինչո՞ւ են քաղաքացիները ընտրելու Ձեզ՝ հարցին, էպոսագետը մի քանի պատճառներ ներկայացրեց:

«Ես լուծարելու եմ անարդար Ազգային ժողովը, հնարավորություն կտամ բոլոր կուսակցություններին մասնակցել նոր, արդար ընտրություններին, որից հետո կձևավորվի արդար Ազգային ժողով, որը կլինի ՀՀ նախագահի հակակշիռը: Ես չեմ գալիս կոնկրետ կուսակցական խմբով, որ հետո նրանց տամ նախարարական պորտֆելներ, մանդատներ: Կվերանան նաև մի շարք հարկեր, այդ թվում հողի և ջրի»,-ասաց նա:

Վ.Սեդրակյանը տանը նստած հետևելու է, ինչպես են մյուսները մարզերում վազվզում