.jpg)
Արման Մելիքյանը չի ցանկանում շարունակել քարոզարշավը
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն առաջնորդվելու է «Մի՛ լռեք» կարգախոսով:
Քարոզչության երկրորդ օրը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ լռությունը փախուստ է իրականությունից: Նախագահի թեկնածուն նշեց, որ խոսքը հատկապես մտավորականներին է վերաբերում:
Արման Մելիքյանն առայժմ հրաժարվում է շարունակել քարոզարշավը, քանի դեռ, նրա խոսքով, ընտրությունների օրինականության և իրավաչափության խնդիրը լուծված չէ: Նախագահի թեկնածուն ասաց, որ դիմել են ԿԸՀ՝ առաջարկելով հրապարակել Հայաստանից հեռացածների ցուցակը: Մելիքյանի խոսքով՝ ցուցակներում ընդգրկված 200-300 հազար ընտրողներ չեն մասնակցելու ընտրություններին, որովհետև Հայաստանում չեն:
«Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ իրավիճակը չի փոխվել: Մենք չենք ուզում խաբել և մասնակցել քարոզարշավին, դա կլինի հերթական կեղծարարության կրկնությունը: Պետք է վերջապես հրաժարվենք ստից և կեղծիքից և թույլ տանք, որ ժողովուրդը իշխանություն ձևավորի»,- ասաց նա:
Մելիքյանը հավելեց, որ կհրաժարվի ընտրապայքարից, եթե ընտրությունների իրավաչափությունը չապահովվի:
Նախագահի թեկնածուն ասաց, որ իր թիմը չի ճանաչի ընտրությունների օրիանականությունը և Մելիքյանը կհեռանա ասպարեզից:
Արման Մելիքյանը միևնույն ժամանակ հավելեց, որ ընտրվելու մեծ շանսեր ունի: