.jpg)
Մոտ օրերս ևս 30-35 դիտորդ կժամանի Հայաստան
ՀՀ ընտրական օրենսդրությունն ապահովում է բոլոր հիմքերը` ժողովրդավարության միջազգային սկզբունքներին և նորմերին համապատասխան ընտրություններ կազմակերպելու և անցկացնելու համար: Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ հանդիպմանն ասաց ՀՀ Նախագահի 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Ստոյանգոլոն:
Նա նաև ասաց, որ մոտ օրերս Հայաստան կժամանեն առաքելության կազմում ընդգրկված ևս 30-35 դիտորդներ:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, կարևորելով ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից պարբերաբար իրականացվող դիտորդական առաքելությունների դերը, ներկայացրել է տեղեկատվություն` կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացվող ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
Կարևորելով ընտրական գործընթացների հրապարակայնության դերը հանրային վստահության մակարդակի բարձրացման հարցում` Տիգրան Մուկուչյանը բարձր է գնահատել ընտրողների ցուցակների ճշգրտման ու անճշտությունների վերացման հետ կապված աշխատանքները և ներկայացրել է ընտրողների ցուցակների հրապարակայնության ապահովմանն ուղղված միջոցառումները: Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև տեղեկատվություն` Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրումների, գրանցումների և նախընտրական քարոզչության ընթացքի վերաբերյալ: