Րաֆֆի Հովհաննիսյանի կայքը հաքերային հարձակման է ենթարկվել
22/01/2013 15:51

Րաֆֆի Հովհաննիսյանի կայքը հաքերային հարձակման է ենթարկվել

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կայքը և ֆեյսբուքյան պաշտոնական էջը, բացի հիմնական տարբերակներից, ունենալու են նաև հայելային տարբերակներ, ինչը թույլ կտա պաշտպանել դրանք հաքերային հարձակումներից: Այդ մասին այսօր ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:

Նրա խոսքով՝ Ր. Հովհաննիսյանի կայքի վրա հաքերային հարձակում է եղել, բայց հաջողվել է վերացնել հետևանքները:

«Ժառանգության» մամուլի քարտուղարը նշեց, որ այս անգամ քարոզարշավը շատ ավելի ինտերակտիվ է լինելու և կապը ընտրողի հետ` ավելի բազմակողմանի. «Առաջին անգամ մեր նախընտրական պաստառի վրա մենք կիրառել ենք նաև QR կոդ, մենք կարծում ենք, որ անգամ 2012թ.-ի խորհրդարանական ընտրությունների հետ համեմատած այսօր հասարակությունը շատ ավելի է ինտեգրվել համացանցին, ավելացել է ֆեյսբուքի օգտատերերի թիվը: Այնպես որ ակտիվ աշխատելու ենք և կայքում, և ֆեյսբուքյան էջում»,- ասաց Հ. Խուրշուդյանը, ավելացնելով, որ Ր. Հովհաննիսյանին վերաբերող ինետրնետային բոլոր ռեսուրսների ինֆորմացիան թարմացվում է ամեն օր:

«Ժառանգության» մամուլի խոսնակը նշեց, որ կայքի միջոցով անընդհատ ստանում են ընտրողների նամակներ, որոնք հիմնականում բարեմաղթանքների կամ առաջարկությունների տեսքով են: Ինչ վերաբերում է «Ժառանգության» նախընտրական ծախսերին, ապա Խուրշուդյանի խոսքով, դրանք չեն գերազանցի օրենքի սահմանված թիվը. իրենք իրենց համար որպես սահման նշել են 100 մլն դրամը:

Հ. Խուրշուդյանը նաև խոսեց Ր. Հովհաննիսյանի նախընտրական կարգախոսի մասին. «Րաֆֆի Հովհահնիսյանի հետ հնարավոր է փոխել վիճակը երկրում»:
 

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը երկու կարգախոս ունի՝ «Հնարավոր է» և «Մեկ անգամ` միասին»:

Րաֆֆի Հովհաննիսյանի կայքը հաքերային հարձակման է ենթարկվել