Մարդիկ պետք է վստահ լինեն ոչ միայն իրենց ներկայի, այլև ապագայի համար
23/01/2013 12:00

Մարդիկ պետք է վստահ լինեն ոչ միայն իրենց ներկայի, այլև ապագայի համար

Մեր երկրում բոլոր հարցերը կարևորվում են, և շատ կարևոր է, որ մարդիկ վստահ լինեն ոչ միայն իրենց ներկայի, այլև ապագայի համար: Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում, հանդիպելով ընտրողների հետ, հայտարարեց ՀՀ Նախագահ, նախագահի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը:

Ներկայացնելով ապագայի ծրագրերը` նախագահի թեկնածուն կանգ առավ այն խնդիրների վրա, որոնք հուզում են այս տարածաշրջանի մարդկանց, մասնավորապես, սոցիալական հարցերին. «Կայուն աճին զուգահեռ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի երաշխավորենք սոցիալական արդարությունը մեր բոլոր քաղաքացիների համար, որպեսզի մարդիկ վստահ լինեն ոչ միայն ներկայի, այլև վաղվա օրվան»:

Շարունակելով խոսքը՝ թեկնածուն ասաց, որ աղքատությունը շարունակում է մնալ լուրջ խնդիրներից մեկը, և փորձը ցույց տվեց, որ սոսկ նպաստներով, բարեգործական միջոցառումներով այն լուծել հնարավոր չէ և հարկավոր է մանրազննին ուսումնասիրել աղքատությունը ծնող հանգամանքները:

«Ես համոզված եմ, որ նպաստ ու թոշակ պետք է ստանան այն մարդիկ, ովքեր աշխատելու ունակ չեն, իսկ ովքեր կարող են աշխատել, ապա իրենց աշխատանքով պետք է հոգան իրենց կարիքները»,- ասաց Ս. Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ վերջին տարիներին կարողացել են կենսաթոշակային համակարգը դուրս բերել անարդարության ճիրաններից, և հիմա, թեկնածուի խոսքերով, եկել է պահը, որ փոխենք նաև այն. «Կուտակային համակարգի ներդրմամբ կենսաթոշակային խնդիրները կլուծվեն»:

Եզրափակելով խոսքը՝ Ս.Սարգսյանը, դիմելով ագարակցիներին, ասաց, որ որևէ մեկը մեզ համար և մեր փոխարեն լավ կյանք չի ստեղծելու. «Մենք հետևողականորեն պիտի աշխատենք, ինչն էլ կլինի դեպի ապահով Հայաստան տանող ճանապարհը»: 

Մարդիկ պետք է վստահ լինեն ոչ միայն իրենց ներկայի, այլև ապագայի համար