ԼՂ հարցի ուղղությամբ ՀՀ ռազմավարությունը ըմբռնելի է միջազգային հանրությանը
24/01/2013 13:10

ԼՂ հարցի ուղղությամբ ՀՀ ռազմավարությունը ըմբռնելի է միջազգային հանրությանը

«2012թ.-ին վերահաստատվեց, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի ռազմավարությունը ոչ միայն ըմբռնելի է, այլև աջակցություն է վայելում միջազգային հանրության կողմից, ինչի մասին են վկայում 2012թ.-ի հունվարի 23-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ամփոփելով 2012թ-ի արտաքին քաղաքական զարգացումները՝ ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարը նշեց, որ Ադրբեջանի կողմից հրադադարի պարբերաբար խախտումները, սադրիչ գործողությունները Արցախի հետ շփման գծում լրջորեն վնասեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ ընթացող բանակցություններին:

«Բաքվի ապակառուցողական քայլերը համապատասխան բացասական արձագանք է ստացել միջազգային հանրության կողմից, ինչպիսին էր Սաֆարովի գործարքը, որը միանշանակ դատապարտվեց ամբողջ աշխարհի կողմից»,-ասաց նախարարը:

Է. Նալբանդյանը նշեց, որ Հայաստանն այս տարի նույնպես շարունակելու է ամրապնդել իր ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ, զարգացում են ապրել նաև ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները:

Նախարարի խոսքերով, հետևողական քայլեր են ձեռնարկվել հարևան Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:

Նախարարը շեշտեց, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում զգալի առաջընթաց է գրանցվել,  ամրապնդվել են կապերը ՆԱՏՕ-ի հետ:

2012-ին ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 4 պետությունների հետ և դարձել է Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպության լիիրավ անդամ: 

ԼՂ հարցի ուղղությամբ ՀՀ ռազմավարությունը ըմբռնելի է միջազգային հանրությանը