.jpg)
Ա.Մելիքյան. Ընտրացուցակներում ընդգրկված ՀՀ շատ քաղաքացիներ արտասահմանում են
«Քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում պարզ դարձավ թեկնածուների մարտավարությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում, սակայն թեկնածուները չնշեցին, թե ինչպես պետք է ապահովվի ընտրությունների օրինականությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով նախընտրական քարոզարշավին և իր ծրագրերին` ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար, ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը:
Նա նշեց, որ այս ընտրարշավի մասնակիցներին կարելի է բաժանել 2 ճամբարի՝ Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, ովքեր կասկածի տակ չեն դնում ընտրությունների օրինականությունը և օրինաչափությունը, չնայած նախորդ ընտրություններում արձանագրված ընտրակեղծիքներին. «Այս թեկնածուները աչք են փակում ընտրակեղծիքների վրա»:
Արման Մելիքյանը արդյունավետ չի համարում մյուս թեկնածուների՝ Անդրիաս Ղուկասյանի հացադուլը, ինչպես նաև Արամ Հարությունյանի ինքնաբացարկի մտադրությունը. «Այս քայլերը միայն խորացնելու են հուսալքությունը հասարակության մեջ, և ես, շփվելով հասարակության հետ, ականատես եղա, թե ինչ աստիճանի անտարբերություն կա նրանց մոտ ընտրությունների նկատմամբ, և մարդիկ ամեն հնարավորություն փորձում են գտնել՝ երկրից հեռանալու համար»:
Ա.Մելիքյանը ասաց, որ երեկ հանդիպել է ԵԱՀԿ դիտորդների հետ և քննարկել նախընտրական քարոզարշավի հետ կապված հարցերը, ինչպես նաև ընտրացուցակների հարցը:
«Ընտրացուցակներում ընդգրկված և քվեարկելու իրավունք ունեցող շատ ՀՀ քաղաքացիներ գտնվում են արտասահմանում»,-ասաց Մելիքյանը:
Նրա խոսքերով, ինքը չի անցկացնելու դասական նախընտրական քարոզարշավ և չի ներկայացնելու տնտեսական և այլ ծրագրեր, մինչև չլուծվի գլխավոր հարցը՝ չհրապարակվի ՀՀ-ում քվեարկելու իրավունք ունեցող անձանց ցուցակը, ինչը կարևոր հանգամանք է ընտրությունների օրինականությունն ապահովելու համար: