.jpg)
Хотеть не вредно. Սերժ Սարգսյանը՝ թեկնածուներից մեկի ծրագրի մասին
«Ավելի շատ սուտ, քան նախընտրական շրջանում, երբեք չի շրջանառվում»,- Սպիտակում ընթացող նախընտրական հանդիպման ժամանակ այսպես պատասխանեց նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով սպիտակցիներից մեկի դիտարկմանը, թե թեկնածուներից մեկի նախընտրական ծրագրում ամրագրված է, որ ինքը կարող է 300 մլրդ դրամով ավելացնել պետական բյուջեն:
«Մարդիկ են` խոսում են: Ինչպես ասում են ռուսները` «Хотеть не вредно»: Վնասակար ոչինչ դրանում ես չեմ տեսնում ...բայց ես չգիտեմ` իր ուժերը կբավարարի՞ դա անել, թե ոչ: Անգամ չգիտեմ՝ ով է այդ թեկնածուն, բայց այդ կարգի, այդ տիպի մարդիկ 2012 թ-ի բյուջեի հաստատման ժամանակ, երբ առաջ քաշվեց հավելյալ 100 մլրդ դրամ հավաքագրելու թեզը, առավոտից երեկո խոսում էին այն մասին, որ մենք չենք կարողանալու դա անել, այդ նպատակը կազդի թոշակների և աշխատավարձերի վրա... Տեսանք, որ ոչինչ էլ չեղավ ու ոչ ոք էլ չտուժեց»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Նա ընդգծեց, որ միշտ էլ հեշտ է ուրիշի փողերը հաշվել, ուրիշի թերությունները տեսնել ու ուրիշներին խորհուրդներ տալ.
«Ես չեմ ցանկանո՞ւմ, որ 300 մլրդ դրամ հավաքվի և գամ Սպիտակ, ասեմ, թե որքան շատ ծրագրեր կարող ենք իրականացրել»,- հետաքրքրվեց նախագահի թեկնածուն ու ևս մեկ անգամ կրկնեց.
«Ոչինչ չունեմ իրենց ասելու. դա ցանկությունից է, որ մեր երկիրը արագ զարգանա: Բայց միամիտների ժամանակն անցել է. որքան էլ ուզում են ասեն, մարդիկ տեսնում են՝ արդյոք դա հնարավո՞ր է, թե՞ ոչ»: