.jpg)
Առանց պետական մարմինների բարեփոխման՝ հնարավոր չէ ապահով Հայաստան
Այսօրվա Հայաստանն էապես տարբերվում է հինգ տարի առաջվա Հայաստանից: Նախընտրական քարոզչության շրջանակներում Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ընտրողների հետ հանդիպմանը նման հավաստիացում տվեց ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը, ում տեղի բնակիչները ողջունեցին «Ալավերդցիները հավատում են ապահով Հայաստանին» մակագրությամբ պաստառներով:
«Առաջընթաց կարող է արձանագրել այն պետությունը, որտեղ հարգված, գնահատված և պաշտպանված է քաղաքացու արտահայտվելու իրավունքը»,- դիմելով ալավերդցիներին՝ ասաց նախագահի թեկնածուն: Շարունակելով խոսքը՝ Սերժ Սարգսյանը նշեց, որ այս ուղղությամբ վերջին հինգ տարվա ընթացքում կատարվել է բազմաթիվ աշխատանք:
«Համոզված եմ, որ բոլորդ էլ ականատեսն եք, թե ինչ բարեփոխումներ են կատարվել խոսքի արտահայտման ազատության ոլորտում: Նույնիսկ վերջին երկու հանդիպումների ընթացքում մենք երկխոսություն ունեցանք բնակիչների հետ: Նրանցից ոմանք փորձում էին կշտամբել` ասելով, թե գուցե խոսքի ազատությունը այն աստիճան մեծ է, որ կարող է անգամ խանգարել, սակայն, իմ կարծիքով, մենք այս ուղղությամբ ձեռք բերվածը ոչ միայն պետք է պահենք, այլև՝ խորացնենք», - հավաստիացրեց Ս.Սարգսյանը:
Շարունակելով ելույթ ունենալ ալավերդցիների առաջ՝ թեկնածուն նշեց, թե երկիրը չի կարող արձանագրել ակնկալվող առաջընթացը, եթե հանրությունը չվստահի պետական մարմիններին, դատարաններին և արդարադատության համակարգին. «Նրանց աշխատանքի թափանցիկ և արդյունավետ իրականացումը լինելու է առաջնահերթությունների շարքում: Վստահ եմ, որ այդ համակարգերի աշխատանքը լրջորեն բարելավվելու է, քանի որ առանց այդ մարմինների բարեփոխման ես նույնիսկ չեմ կարող պատկերացնել ապահով Հայաստանը»:
Խոսելով Հայաստանի զբոսաշրջային քաղաքականության մասին՝ թեկնածուն ասաց, որ այս դրույթը ևս հստակ ամրագրված է իր նախընտրական ծրագրում, և դրա իրականացումն ուղղակիորեն անդրադառնալու է այս տարածաշրջանի, իհարկե, նաև Ալավերդի քաղաքի վրա:
«Զարգացնելով զբոսաշրջությունը` մեր երկիրն ավելի տեսանելի, ընկալելի և, ինչու ոչ, նաև սիրելի կդարձնենք Հայաստան այցելող զբոսաշրջիկի համար»,- նկատեց Ս. Սարգսյանը:
«Իրականացվող քաղաքականության բոլոր գերակայություններով հանդերձ, գալիք 5 տարիները լինելու են աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցներին տուն վերադարձնելու և կանաչ Հայաստան կառուցելու տարիներ»,- եզրափակեց խոսքը թեկնածու Սարգսյանը: