.jpg)
Փորձագետ. Եթե ՀՀԿ-ն ուզի, կարող է առնել ԲՀԿ-ի ձայները
Բոլոր իրական ընտրական կանոնները, որոնք պետք է աշխատեին, ներկայում չեն աշխատում, քանի որ Հայաստանում վերջին 20 տարում իրական ընտրություն չի եղել: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով նախագահական ընտրությունների մասին, նման կարծիք հայտնեց քաղաքական և ընտրական գործընթացների փորձագետ Արմեն Բադալյանը:
Բանախոսը խոսեց նաև այն ուժերի ընտրազանգվածների մասին, որոնք նախագահական ընտրություններում իրենց սեփական թեկնածուն չառաջադրեցին` նշելով, որ օրինակ ԱԺ ընտրություններից հետո ՀԱԿ-ի ընտրազանգվածն այն ընտրազանգվածն է, որը գնում է Լևոն Տեր-Պետրոսյանի հետևից, և այս ընտրություններում կգնա այն թեկնածուի հետևից, ով իր կերպարով նման է Տեր-Պետրոսյանին:
«Իսկ ընտրությունում նրա նմանը չկա: Սա չի նշանակում, որ Տեր-Պետրոսյանը լավն է կամ վատը… նա պարզապես ունի իր առանձին կերպարը, հետևաբար նրա ընտրազանգվածը կա’մ չի գնա ընտրության, կա’մ կգնա քվեաթերթիկ փչացնելու, կա’մ գումար կվերցնի, կամ մի փոքր մասն էլ կընտրի Բագրատյանին»,- ասաց Ա. Բադալյանը:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի ընտրազանգվածին, ապա, նրա խոսքերով, 450 հազար ձայնից 300 հազարը նյութական շահագրգռվածությամբ քվեարկող ընտրազանգվածն է, և «եթե ՀՀԿ-ն ուզի, կարող է առնել նրանց ձայնը»:
«ԲՀԿ-ի մնացյալ 50 հազարը գնացել է Գագիկ Ծառուկյանի կերպարի հետևից, և մոտ 100 հազարն այն ընտրազանգվածն է, որը 2008-ին ՀԱԿ-ի հետևից էր գնում, սակայն տեսնելով, որ ՀԱԿ-ը թույլ է, գնաց ԲՀԿ-ի հետևից»,- ասաց փորձագետը` ԲՀԿ-ի ընտրազանգվածին բաժանելով 3 մասի` «գումարային, հակասերժական կամ հակահանրապետական և ծառուկյանական»:
Խոսելով ՀՅԴ ընտրազանգվածի մասին` Ա. Բադալյանը նշեց, որ այս դեպքում այն ընտրազանգվածն է, որը ցանկանում է ծովից ծով Հայաստան` «հայդատական զանգված»:
«Նրանք կլսեն, թե ինչ է ասում ՀՅԴ-ն. Կասի գնացեք, անվավեր դարձրեք քվեաթերթիկը, կգնան դա կանեն, կասեն գնացեք տվյալ թեկնածուի օգտին քվեարկեք, կքվեարկեն ՀՅԴ մատնանշած թեկնածուների օգտին….»,- եզրափակեց խոսքը Ա. Բադալյանը: