.jpg)
Եղնուկյան. Հայրիկյանը աջ ձեռքի ցավեր ունի. Հնարավոր է՝ դիմի ՍԴ
Այս գիշեր և առավոտյան Պարույր Հայրիկյանն իրեն լավ չի զգացել: Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները նրան արգելել են լքել հիվանդանոցը: Հայրիկյանը հետաձգել է գալիք երկու օրերին նշանակված հանդիպումները: Մանրամասներն Aysor.am-ը փորձեց պարզել Պ. Հայրիկյանի ընկեր Կարո Եղնուկյանից:
- Պարո’ն Եղնուկյան, ինչո՞վ է պայմանավորված Հայրիկյանի ինքնազգացողության վատացումը:
- Նա ձեռքի ցավեր ունի: Բանն այն է, որ նրա աջ ձեռքի նյարդն է վնասվել և հիմա չի կարողանում շարժել աջ ձեռքի մատերը: Պարույրն այս օրերին նախընտրում էր ցավազրկղներ քիչ ընդունել, բայց այս գիշեր ցավերն այնքան ուժեղ են եղել, որ ցավազրկող է ընդունել:
- Իսկ բժիշկներն ի՞նչ են ձեռնարկում:
- Արգելել են լքել հիվանդանոցը: Դրա պատճառով մենք հետաձգել ենք երկու օրերի ընթացքում նախատեսված բոլոր հանդիպումները: Տարօրինակն այն է, որ վերքը, որտեղից հանել են փամփուշտը, Հայրիկյանին գրեթե չի անհանգստացնում, իսկ վնասված նյարդը շատ է ցավում: Բժիշկների խոսքով` այդ ցավը պետք է մի քանի օրում անցներ, բայց ինչպես տեսնում ենք` չի անցել:
- Պարո’ն Եղնուկյան, այս դեպքում հնարավո՞ր է, որ Պարույր Հայրիկյանն ընտրությունների հետաձգման խնդրանքով դիմի Սահմանադրական Դատարան:
- Մենք ի սկզբանե հայտարարել էինք, որ Պարույր Հայրիկյանն առայժմ չի դիմի ՍԴ: Կարծում էինք, որ գոնե ֆիզիկական խոչընդոտը հաղթահարված է, բայց, փաստորեն` ոչ: Բացի այդ մենք հույս ունեինք, որ պատկան մարմինները գոնե ինչ-որ հայտարարություն կանեին, որովհետև, ի վերջո, եթե դեռ չի հայտնաբերվել մահափորձի հեղինակը, ապա վտանգը շարունակում է մնալ: Ուզում եմ հիմա ասել, որ այս օրերին մենք մեր էներգիան ու ժամանակն ենք վատնում այն սուտ հրապարակումների վրա, թե Հայրիկյանն իշխանությունների հետ է համագործակցում կամ` ինքն է իր վրա կրակել: Հենց այս պատճառով, պետք է ոստիկանությունն ու պատկան մարմինները հանդես գան հայտարարությամբ ու ասեն ինչն ինպես է եղել:
- Եվ վերջում, կուզենայի իմանալ Ձեր կարծիքը, ընտրությունների հետաձգման կարիքն այսօր կա:
- Ես անձամբ գտնում եմ, որ պետք է դիմել ՍԴ, բայց որոշումն իրենն է: