07/02/2013 11:22
Լրագրողի նոթերից. Սիրո, խոստումի ու Հովհաննես Գրիգորյանի մասին
Հիմա կուզենայի գրել աշխարհի ամենասիրուն բառերը, ամենաիսկական բառերը, վախենում եմ` չստացվի: Ինչ տարօրինակ է անծանոթ մարդուն կորցնելիս զգացած ցավը, երբ գիտես` հոգուդ մի մասը, խղճիդ մի մասն այլևս երբեք չի լինելու:
Երբեք չմեռնես, ահա թե ինչ կասեմ քեզ: Սա առաջինն էր, որ կարդացի Հովհաննես Գրիգորյանից: Հետո հասկացա` ամենաիսկական սերը հենց չմեռնելու խնդրանքն է, ապրելու-ապրելո~ւ, կարոտդ առնելու, անիրականանալի, բայց իսկական խնդրանքը: Հետո եկան մյուս բանաստեղծությունները, եկան ու մնացին…Մնաց գրքիս մեջ արված մակագրությունը` «Սոնային, սիրով ու խնդրանքով` երբեք չմեռնես»… Ու ես խոստացա…
Շատ հետո ընկերս` Արամը, ծանոթացրեց ինձ Հովհաննես Գրիգորյանի հետ. «Պարոն Գրիգորյան, էն աղջիկն ա, ում կարդալը սիրեցիք, հիշո՞ւմ եք»: Հիշում էր, ասաց` բարև աղջիկս, մի օր Արամի հետ եկեք ինձ մոտ, կզուրեցենք: Խոստացանք, չգնացինք, չհասցրեցինք:
Հետո աշխարհը շուռ եկավ. Մի տեղ մայրը խեղդում էր երկու զավակներին, մի տեղ զորամասում զինվոր էին սպանում, ու մտածում էի` վերջն այսպես է գալի՞ս, օտարանալո՞վ: Վերջն, իրոք, մոտ էր: Ու հանկարծ… Հովհաննես Գրիգորյանը հիվանդ է, օգնություն է պետք:
Գիտե՞ք ինչ եղավ: Ծանոթ-անծանոթ, հարազատ-օտար հավաքվեցին մի մարդու շուրջ, մարդու, որ այդ պահին դարձավ բոլորիս խիղճը, մարդու, ով ստիպեց կռվել հանուն մի գաղափարի` կյանքի: Թվում էր` հաղթեցինք, փրկեցինք նրան. Հիմար էինք երևի. Այդ նա փրկեց մեզ, նորից հիշեցրեց, որ միակ բանը, որ իրական է, սերն է:
Այսօր առավոտյան Հովհաննես Գրիգորյանը մահացավ. Չգիտեմ ինչու` երեկվանից սիրտս անհանգիստ էր, փորձում էի պատրաստվել սրան: Ինքս ինձ ասում էի` մարդը, ում շուրջը միշտ այդքան սեր կա, մեռնել չի կարող: Հիմա մտածում եմ` սրանից հետո նրան սիրելն ավելի հեշտ կլինի, որովհետև հեշտ է սիրել այն ամենն, ինչ հեռվում է, և ինչ բավականություն`պատկերացնել այն, ինչը չես տեսնում...