ԶԼՄ-ների մշտադիտարկում. Կան 4 առաջատարներ, Անդրիաս Ղուկասյանը 7-րդ տեղում է
08/02/2013 13:33

ԶԼՄ-ների մշտադիտարկում. Կան 4 առաջատարներ, Անդրիաս Ղուկասյանը 7-րդ տեղում է

«ՀՀ նախագահի որևէ թեկնածուի հանդեպ լուսաբանման խտրականություն չի ցուցաբերվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ներկայացնելով 2013թ. հունվարի 14-ից փետրվարի 3-ի ընթացքում նախագահի թեկնածուների քարոզարշավը լուսաբանող ԶԼՄ-ների մշտադիտարկան միջանկյալ հաշվետվությունը:

Նրա խոսքով, իրենք նաև հանդիպել են նախագահի թեկնածուների նախընտրական շտաբների ներկայացուցիչների հետ, որոնց կողմից բողոքներ եղել են, սակայն ոչ շատ:

«Նախագահի թեկնածուների քարոզարշավը առավել ակտիվորեն են լուսաբանում «Արմնյուզն» ու «Արմ Ռադիոն», իսկ խորհրդարանական ընտրությունների համեմատ պակաս ակտիվություն են ցուցաբերում «Երկիր մեդիան» ու «Կենտրոնը», ինչը, թերևս, պայմանավորված է նրանով, որ այդ լրատվամիջոցների սեփականատերերը շատ մեծ հետաքրքրություն չեն ցուցաբերում այս ընտրությունների նկատմամբ:

Լուսաբանման առումով կան 4 առաջատարներ՝ Սերժ Սարգսյան, Րաֆֆի Հովհաննիսյան,  Պարույր Հայրիկյան, Հրանտ Բագրատյան, Անդրիաս Ղուկասյանը 7-րդ տեղում է, իսկ վերջինը Արման Մելիքյանն է:

Երեք օրերի ընթացքում՝ փետրվարի 1-3-ը, Հայրիկյանը ստացել է եթերի ծավալով երկու երրորդը, ինչը պայմանավորված է նրա դեմ ուղղված մահափորձով: Հունվարի 21-ից սկսած ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի լուսաբանումը սահմանափակվել է, ավելի հակիրճ է դարձել, և լուսաբանման առումով նա երրորդ տեղում է՝ զիջելով Պարույր Հայրիկյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին»,-ասաց նա:

Բ.Նավասարդյանի խոսքով, թեկնածուներից արտահայտված վերաբերմունք նկատվում է միայն գործող նախագահի նկատմամբ՝ և՛ դրական, և՛ բացասական, ինչպես նաև Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի, ով ունի 17 դրական և ոչ մի բացասական անդրադարձ: «Կան թեկնածուներ, ում նկատմամբ ոչ մի  անդրադարձ չի եղել»,- ասաց նա, նշելով, որ հիմնական թերությունը, այն է, որ կարծիքների բախում և բանավեճեր քիչ են եղել:


 

ԶԼՄ-ների մշտադիտարկում. Կան 4 առաջատարներ, Անդրիաս Ղուկասյանը 7-րդ տեղում է