.jpg)
ՀԱԿ կուսակցության հիմքում ևս քրեաօլիգարխիկ համակարգի կազմաքանդումն է
Նախօրեին ՀԱԿ-ի 28 անդամ ՀՀ Արդարադատության նախարարություն դիմում են ներկայացվել` Հայ ազգային կոնգրես կուսակցություն ստեղծելու մասին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։
«Նոր կուսակցությունը չի ենթադրում դաշինքի վերջ, և կարող է մնալ այնպես, ինչպես այսօր կա: Մեր ցանկությունն է պահպանել դաշինքը»,- ասաց նա` հավելելով, որ կուսակցությունների մասին օրենքը շատ հստակ կարգավորում է` ՀԱԿ անունով գրանցված կուսակցություն չկա, իսկ իրենք առաջինն են, որ ներկայացրել են օրինական հայտ և ստացել այդ վկայական:
«Սա անհատների նախաձեռնություն է և, բնականաբար, հրավիրում ենք Կոնգրեսի մասնակից քաղաքական ուժերին միանալ մեզ»,– ասաց Զուրաբյանը և հավելեց, որ սա անկուսակցական անհատների և քաղաքական ուժերի միջև ավելի սերտ կոնսոլիդացման փորձ է։
ՀԱԿ կուսակցության գաղափարախոսության հիմքում, ինչպես Զուրաբյանը մեջբերեց Տեր-Պետրոսյանի խոսքերը, սոցիալ–լիբերալիզմն է, որը «նպատակ է դնելու մասսայական դեմոկրատական շարժման միջոցով կազմաքանդել քրեաօլիգարխիկ համակարգը»։
Ինչ վերաբերում է կուսակցության ղեկավարի պաշտոնին, ապա Զուրաբյանն ասաց, թե ինքն ամեն բան կանի, որպեսզի կուսակցությունը ղեկավարի Լևոն Տեր-Պետրոսյանը. «Սակայն իմ որոշումով դա չի լինի, դա պետք է լինի դեմոկրատական գործընթաց, որի վերջնական արդյունքը ես չէ, որ պետք է տամ»։
Ի դեպ, մարտի 22-ին, Զուրաբյանի խոսքերով, Կառավարության նիստերի դահլիճում կկայանա կուսակցության առաջին հավաքը: