.jpg)
Վահան Հովհաննիսյանը ընտրվել է Սոցինտերնի տարածաշրջանային համանախագահ
«Սոցինտերնը ընդգրկում է ամբողջ աշխարհի գրեթե բոլոր սոցիալիստական կուսակցությունները և այդ առումով հանդիսանում է աշխարհի ամենամեծ կառույցներից մեկը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Պորտուգալիայում կայացած Սոցինտերնի խորհրդի ժողովին՝ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ այդ ժողովի ընթացքում ինքը միաձայն ընտրվեց Սոցինտերնի տարածաշրջանային համանախագահ, իսկ ՀՅԴ հեղինակությունը Սոցինտերնում և միջազգային ասպարեզում շարունակում է աճել:
«Քվեարկության ընթացքում թուրքերը դուրս էին եկել դահլիճից և չէին մասնակցում քվեարկության գործընթացին»,-ասաց Վ. Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով, Արևելյան բլոկի սոցիալիստական կուսակցություններն իրենց համաժողովներում տարբեր բանաձևեր են ընդունում և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ համաժողովներում ոչ մի հակահայկական բանաձև չընդունվի:
«Ինչ վերաբերվում է իմ լիազորություններին, ապա ես համանախագահելու եմ այդ համաժողովներում»,-ասաց բանախոսը:
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին և նախընտրական քարոզարշավին՝ նա նշեց, որ ինքը նախընտրական պայքար չի տեսնում, իսկ իր համար ամենաարտառոցը Անդրիաս Ղուկասյանի հացադուլն է:
«Հիմա սկսվել է մի իրավիճակ, որից պարկեշտ մարդիկ պետք է հեռու մնան՝ նախընտրական ընթացքը ցույց է տալիս, որ մենք ճիշտ էինք՝ չմասնակցելով ընտրություններին»,-ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ հասարակությունը պետք է անպայման մասնակցի ընտրություններին. ընտրություններին չմասնակցելը առկա իրավիճակից դուրս գալու ճանապարհ չի:
«Ես քվեարկելու եմ ընտրություններում բոլորին կողմ և հասկանում եմ, որ դա կհամարվի անվավեր, բայց ոչինչ»,-հավելեց նա: