Սերժ Սարգսյանը կտրականապես դեմ է խորհրդարանական կառավարման ձևին անցմանը
12/02/2013 20:50

Սերժ Սարգսյանը կտրականապես դեմ է խորհրդարանական կառավարման ձևին անցմանը

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը կտրականապես դեմ է խորհրդարանական կառավարման ձևին անցմանը: Այս մասին այսօր Երևանի Նոր Նորք վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սերժ Սարգսյանը: 

«Ես կտրականապես դեմ եմ, որովհետև երկրում զարգացումների ընթացքը կախված չի կառավարման ձևից: Խորհրդարանական ձևը չի երաշխավորում հաջողություններ, թեև որոշ մարդիկ ասում են, թե այն ավելի ժողովրդավարական է: Որպես փաստարկ` հիտլերյան Գերմանիայում խորհրդարանական կառավարման ձև էր, կան բազմաթիվ այլ օրինակներ ևս, երբ այդ կառավարման ձևը բերել է այլ ծայրահեղությունների: Միաժամանակ` նույն Ֆրանսիան և ԱՄՆ, որտեղ նախագահական կառավարման ձև է, մեծ հաջողությունների են հասել»,- ասաց նա: 

Սերժ Սարգսյանի խոսքով, նման հարցերին թեթև նայել պետք չէ:

«Հաճախակի քննադատություններ են հնչում՝ կրթական ոլորտում ընթացող բարեփոխումների հետ կապված, թեև կրթական համակարգը արդյունք դեռ ցույց չի տվել: Իսկ նախագահ, նախարար փոխելը փորձադաշտ չէ, ես շարունակականության կողմնակիցն եմ»,- ասաց Ս. Սարգսյանը:

Այն հարցին, թե ինչո՞ւ մեր երկրում կա ստվերային տնտեսություն, և ինչպե՞ս պետք է դրա դեմ պայքարել, Ս. Սարգսյանը նշեց, որ «ստվերը» տնտեսության բաղկացուցիչ մասն է և կա բոլոր երկրներում, սակայն այլ բան է, երբ այն դառնում է մենաշնորհ, դուրս է մնում հարկային դաշտից: 

«Չեմ կարող ժխտել, որ մեզ մոտ կան նման մենաշնորհ ունեցող մարդիկ, բայց հարկահանության այն թվերը, որոնց մասին խոսում ենք, իրական են: Ցավոք, շատ դեպքում «ստվերային» տնտեսության մասին խոսում են անտեղյակ մարդիկ: Եթե ես 100 %-ով անուններն ու տեղը իմանայի, նրանք 1 շաբաթում կգային հարկային դաշտ», - ասաց Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը կտրականապես դեմ է խորհրդարանական կառավարման ձևին անցմանը