.jpg)
Սերժ Սարգսյան. Ցանկությունները վատ բան չեն. Աստված տա իրականանան
ՀՀ նախագահի փեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Նորք Մարաշում համայնքում էր:
Դիմելով ներկաներին՝ թեկնածուն հիշեցրեց, որ այս օրերին նշում ենք Արցախյան շարժման 25-ամյակը. «Եթե 25 տարի առաջ Ադրբեջանի իշխանություններն ու հասարակությունն իմանային, թե ինչ կլինի 25 տարի հետո` նրանք չէին սանձազերծի հայության ջարդերը Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով` 1988 թ.-ի շարժումն ուղղված էր ինքնորոշման իրավունքի իրականացմանը, ինչը հանդիպեց Ադրբեջանի սադիստական հակազդեցությանը:
Ըստ թեկնածուի, եթե Ադրբեջանի հասարակությունն այսօր իմանա, թե ինչ է լինելու 25 տարի անց, ավելի կառուցողական դիրքորոշում կունենա.
«25 տարի առաջ մենք ասում էինք, որ Ղարաբաղյան հարցը չունի ռազմական լուծում. նոր պատերազմը հարց չի լուծի»,- ասաց Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահի թեկնածուի խոսքով` ազատասեր արցախցու ամենամեծ ձեռքբերումը ազատությունն ու ժողովրդավարությունն են: Ըստ նրա՝ ԼՂՀ-ն, չլինելով ճանաչած պետություն, ոչ մեկի առջև պարտավորություն չի ստանձնել լինել ժողովրդավարական, սակայն արցախահայությունը դա անում է իր համար:
Սերժ Սարգսյանի խոսքով` սա մի հասարակություն է, որի պետությունը չորս ղեկավար է փոխել: Ադրբեջանը Արցախին այօսր առաջարկում է ամենալայն ինքնավարությունը, իսկ Արցախի պատասխանը այդ առաջարկությանը մեկն է. ինքնավարություն առաջին հերթին առաջարկեք հենց ձեր ժողովրդին:
«Մենք ցույց ենք տվել, որ շանտաժի ճանապարհով Արցախի հարցում մեզանից զիջումներ կորզելը անհնար է»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Թեկնածուն եզրափակեց իր խոսքը՝ նշելով, որ եթե ասում ենք ապահով Հայաստան, հասկանում ենք նաև ապահով Արցախ:
Այնուհետև թեկնածուն պատասխանեց ներկաների հարցերին:
Հարցերից մեկը վերաբերում էր նախագահի մյուս թեկնածուների այն խոստումներին, ըստ որոնց, նախագահ ընտրվելու դեպքում՝ իրենք 50 տոկոսով կավելացնեն կենաաթոշակները:
Սրան ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց, որ եթե այդքան հեշտ լիներ կենսաթոշակենրը կամ ռազմական ու կրթության հարցերի ֆինանսավորումը 50 տոկոսով ավելացնելը` իրենք դա կանեին:
Թեկնածուի խոսքով` ցանկությունները վատ բան չեն. Աստված տա՝ թող իրականանան:
Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև մյուս թեկնածուների այն հայտարարություններին, թե իշխանության գալով` անելու են նույնն, ինչ իշխանությունն է անում, բայց` ավելի լավ: Այս խոստումներն, ըստ Սերժ Սարգսյանի, չեն կարող վստահություն ներշնչել: