Անդրիաս Ղուկասյանի շտաբը գրանցել է «ամենակարևոր հաջողությունը»
13/02/2013 12:57

Անդրիաս Ղուկասյանի շտաբը գրանցել է «ամենակարևոր հաջողությունը»

«Այն, որ մենք կարողացել ենք քաղաքական օրակարգում պահել շինծու ընտրությունների թեման, մեր ամենակարևոր հաջողությունն ենք համարում, որովհետև շատերն են դա ասում, սակայն ոչինչ չեն անում: Հացադուլի վերաբերյալ նույնիսկ ԱՄՆ-ից արձագանք է եղել, աջակցելու մեր պայքարին, սակայն մեր համար ավելի կարևոր է, որ ՀՀ քաղաքացին այդ պայքարը սկսի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը: 

Նրա խոսքով, իրենք այդ պայքարի շարունակությունը տեսնում են շարժման տարբերակով, սակայն ռազմավարությունը դեռ քննարկվում է, և ընտրություններից անմիջապես հետո դա կներկայացնեն հասարակությանը:

Անդրադառնալով նրան, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը չէր հետաձգել ընտրությունները Ա.Ղուկասյանի պատճառով, նա նշեց, որ Ա.Ղուկասյանը պատրաստ է հացադուլի, անգամ եթե ընտրությունները հետաձգվեն:

«Պ.Հայրիկյանը եկել է Ա.Ղուկասյանի մոտ, նրան միասնական թեկնածուի վերաբերյալ նամակ հանձնել, սակայն որևէ բան չի ասել նրա առողջական վիճակի մասին»,-ասաց Ա.Գրիգորյանը:

Ա.Գրիգորյանը փոխանցեց, որ Ա.Ղուկասյանի մոտ նախագահի ընդդիմադիր թեկնածուներից չի այցելել միայն Հրանտ Բագրատյանը, իսկ միջազգային դիտորդներից այցելել են միայն ընտրությունների վերահսկողության մի կենտրոնի դիտորդները, որոնք աշխատում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳԻ հետ:

 

 

Անդրիաս Ղուկասյանի շտաբը գրանցել է «ամենակարևոր հաջողությունը»