.jpg)
Է. Շարմազանովը հանդիպեց Հունաստանի դեսպանի հետ
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսի հետ: Այս մասին հաղորդում են ԱԺ մամուլի ծառայությունից:
ԱԺ փոխնախագահը և Հունաստանի դեսպանը քննարկեցին Հայաստանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների ընթացքին առնչվող հարցեր: Մասնավորապես Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունների համար շատ կարևոր է ընտրությունների ժողովրդավարական լինելն ու միջազգային չափանիշներին համապատասխանելը: Նրա գնահատմամբ՝ նախընտրական պայքարը մրցակցային է և ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ հիմնականում ընթանում է ծրագրային ու գաղափարական հենքի վրա, գրեթե բացակայում է անձնական վիրավորանքն ու քաղաքական նիհիլիզմը:
ԱԺ փոխնախագահը հավաստիացրեց, որ Հայաստանի համար մեծ հնարավորություն է ստեղծված` անշրջելի դարձնելու ժողովրդավարական ընտրությունները, և այս առումով կարևորեց պատկան մարմինների՝ խախտումների վերաբերյալ օպերատիվ ու օբյեկտիվ արձագանքը:
Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսի գնահատմամբ՝ այս ընտրությունները նման են մի կայանի, որտեղ հստակ կդառնան Հայաստանի ժողովրդավարական արժեքները: Նրա համոզմամբ՝ ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու՝ իշխանությունների կատարած քայլերը ճիշտ են եղել և ավելի լավը, քան նախորդները: Ինչ վերաբերում է բողոքներին, դրանք լուրջ չեն և չեն կարող ազդել ո՛չ ընտրությունների ընթացքի և ո՛չ էլ արդյունքների վրա: Նա միաժամանակ նկատեց, որ աշխարհի բոլոր երկրներում էլ նախընտրական շրջանում բողոքներ լինում են. կարևոր է, որ իրավասու մարմինները արագ արձագանքեն դրանց` կանխելու հնարավոր խախտումները: Դեսպանը հույս հայտնեց, որ Հայաստանն այս ընտրություններով մեկ անգամ ևս կապացուցի, որ իր ստանձնած բարեփոխումները ճիշտ ուղու վրա են:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Հունաստանի դեսպանը Էդուարդ Շարմազանովին հանձնեց Հունաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամների նամակը, որում նրանք տեղեկացնում են, որ սիրով են ընդունում ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի՝ Հայաստան այցելելու հրավերը և բարեկամական խմբերի համատեղ նիստեր անցկացնելու առաջարկը: