.jpg)
Սահմանի վրա. Էն հրավառություն տեսե՞լ եք` այ ըտենց էր
Այս գիշեր Տավուշի սահմանամերձ գյուղերը էլի կրակահերթի տակ են եղել: Կրակոցներն այստեղ դադարել են երեկոյան մի պահ միայն, հետո` էլի վերսկսվել:
Առավոտյան փորձեցինք կապվել գյուղապետերի հետ:
«Էն հրավառությունը որ լինում ա է, տեսե՞լ եք` սաղ երկինքը այ ըտենց էր: Մի կամեռա, որ լիներ` նկարեինք…շատ ուժեղ էր»,- մեզ հետ զրույցում պատմեց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը:
Այդինյանի խոսքով` նախօրեին ու ողջ գիշեր աշխատել են ոչ միայն խոշոր տրամաչափի զենքեր, այլև` դիպուկահարներ.
«Երեկ առավոտից մինչև 18:00-ը դիպուկահարը ոնց որ խաղ անելիս լիներ, գյուղի տարբեր ծայրերում ամեն տան վրա մի-մի հատ կրակում էր: Հետո` ժամը վեցից հետո, սկսեցին մեծ տրամաչափի տեխնիկայով աշխատել»,- ասաց Այդինյանը:
Այդինյանի խոսքով` կրակահերթերը, հիմնականում, վնասել են շինությունների պատերը. «Մեկ երկու պատուհանից էլ անցել` ներս ա ընկել»,- ասաց Այդինյանը:
Այգեպարի գյուղապետի խոսքով` առավոտյան գյուղի ուղղությամբ մի կրակահերթ էլ եղավ` հետո լռեցին:
Խոսեցինք նաև Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանի հետ.
«Կրակոցներ դե միշտ էլ լինում են, բայց երեկ շատ են կրակել: Երեխեքը հենա գնում են դպրոց, իրար հարց են տալիս` բա ձեր տան վրա կրակե՞լ են: Դպրոցն էլ` 300-400մ ա հեռու սահմանից: Ասա մթամ գիշերը քնե՞լ եք, որ հիմա դպրոց եք գնում… »,- ասաց Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետը:
ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ այս գյուղերում իրավիճակը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից: Ձեռնարկված են բոլոր քայլերը՝ հակառակորդի հրոսակների աճպարարությունը զսպելու համար:
Հիշեցնենք, որ նախօրեին վիրավորվել է 1991 թ.-ին ծնված պայմանագրային մի զինծառայող: Նա տեղափոխվել է Բերդի հոսպիտալ` սրունքի վնասվածքով: Գյուղապետերի խոսքով` նրա վիճակն արդեն լավ է:
Այգեպարի գյուղապետը նշեց, որ զինծառայողը վիրավորվել է Այգեպար-Մովսես ճանապարհի հատվածում: Իսկ սա այն նույն ճանապարհն է, որի վրա անցած տարվա մայիսին տեղի էր ունեցել զինվորական մեքենայի դիվերսիան: Սա այն նույն ճանապարհն է, որտեղ ամենից շատ են խաղաղ բնակիչներ վիրավորվում և սա այն նույն ճանապարհն է, որի հարցը բազմիցս բարձրացվել է ԵԱՀԿ դիտորդներ ու միջազգային այլ կառույցների առաջ…