Շարմազանով. Րաֆֆի Հովհաննիսյանը պատրանքների մեջ է ընկել
13/02/2013 19:06

Շարմազանով. Րաֆֆի Հովհաննիսյանը պատրանքների մեջ է ընկել

«Մեծահոգություն քարոզող, բարու և չարի պայքարի փիլիսոփայական մոտիվացիայով ներշնչված նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ վերջին օրերին չհիմնավորված ագրեսիա եմ նկատում, որը, կարծում եմ, հարիր չէ նախագահի պաշտոնին հավակնող գործչին: Եթե պարոն Հովհաննիսյանին PR նպատակներով են խորհուրդ տվել, որ մի քիչ ավելի մարտական, ջղային դեմք ընդունի ընտրությունների վերջնակետում, ապա հաստատ իրեն խաբել են:

Նա մշտապես ժպտացող գործչի կերպարում շատ ավելի ընկալելի է: Այդ իմաստով, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը պատրանքների մեջ է ընկել, նրա թիմակիցները պետք է որ լավություն անեն իրենց առաջնորդին` խորհուրդ տան պատրանքների աշխարհից վերադառնալ իրականություն»,- մեկնաբանելով Ապարանի բժշկական կենտրոնում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունն ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ընդունելով, որ որևէ բուժհիմնարկում որևէ մեկն իրավունք չունի նախընտրական պաստառ փակցնել, այնուամենայնիվ պետք է ասեմ, որ ՀՀ որևէ քաղաքացի, այդ թվում և նախագահի թեկնածուն, իրավունք չունի համապատասխան մարմինների ֆունկցիաներն իր վրա վերցնել և դատավորի կամ ուսուցչի կեցվածք ընդունել»,-ընդգծել է Շարմազանովը:

Նրա խոսքով՝ եթե որևէ մեկը տեսնում է, որ օրենքի խախտում կա, պետք է բարի լինի և դիմի համապատասխան մարմիններին, որոնք օրենքով սահմանված կարգով այդ թերությունը կվերացնեն և մեղավորներին կպատժեն: Շարմազանովը հիշեցրել է հինհռոմեական ասացվածքը. «Երբ գործում է բռնությունը, օրենքները լռում են.:

«Թույլ չենք տա, որ բռնությունը գործի,-նշել է ՀՀԿ խոսնակը` եզրափակելով,- օրենքին հղում անող Րաֆֆի Հովհաննիսյանը դժվար թե չիմանա, որ աշխատանքային ժամերին իր մուտքը քաղաքապետարաններ և գյուղապետարաններ ևս «քաղաքական տարր է»:

Հիշեցնենք, որ երեկ քարոզարշավի ընթացքում Ապարանի բժշկական կենտրոնում տեսնելով նախագահի ՀՀԿ թեկնածու, գործող Նախագահ Սերժ Սարգսյանի նկարով պաստառը, Րաֆֆի Հովհաննիսյանը պոկել էր այն: 

Շարմազանով. Րաֆֆի Հովհաննիսյանը պատրանքների մեջ է ընկել