23/02/2013 14:59
Գրական բլոգ. Նշան Աբասյան. Աղոթքներ
* * *
Եղունգներով կուրծքս քերծեցի,
լացեցի ես, Տե´ր...
Իմ գիշերվա մեջ
ես երկա՜ր-երկար
լաց եղա անբառ...
25 դեկտեմբերի, 2012 թ.
* * *
Ամեն բան իզուր է այնպես,
Տե՜ր, այնպես իզուր է ամեն բան…
Հսկա՜ա՜ա՜, հազարաթել այս կծիկի դիմաց
բառերն այս կարկամած ուրիշ էլ ի՞նչ ասեն…
Ամեն բան իզուր է այնպես,
Տեր, այնպե՛ս իզուր է ամեն բան…
10 հունվարի, 2012 թ.
* * *
Չճառեի,
չգոչեի,
չմեկնեի ոչինչ,
ոչինչ չպատմեի,
լռության մեջ այսպես
պառկեի՜-մնայի
այս ծառի տակ
երկա՜ր-երկար,
Տեր...
24 օգոստոսի, 2010 թ.
* * *
Աղաղակներս
երեկոյի մեջ
հանդա՜րտ խլանան,
Մեղքերիս վրա
դանդա՜ղ տարածվի
կապույտ գիշերը,
մանկության հեռու
հեքիաթի նման
փռվի ուսերիս,
Ու անհոգ ննջեմ
ճերմակ լռության
մաքուր թևերին…
30 նոյեմբերի, 2010 թ.
* * *
Մաքո՜ւր,
Մաքո´ւր իմ Տեր,
Քո առաջ ես այսօր
լո՜ւռ,
հանդարտ եմ գալիս
և այնպես չեմ ուզում
նորից Քեզ թվարկել
մեղքերը իմ ճղճիմ...
ասես չեմ էլ գործել,
ասես ինձնից անկախ`
չնչին, խաբեպատիր մղձավանջ են եղել
և ոչ մի սպի չունեն
իմ լուսե ճակատին...
Մաքո՜ւր-մաքուր իմ Տեր,
Քո առաջ ես այսօր
լո՜ւռ,
հանդարտ եմ գալիս...
22 օգոստոսի, 2012 թ.
* * *
Ծունկի գամ.
ինձ սեղմեմ պատին
ու մնամ...
Ծնկներս մաշեմ...
23 դեկտեմբերի, 2012 թ.
* * *
Հա´յր մեր,
մեր սե´ր,
մեր արցո´ւնք,
հեզ մեր,
Լո´ւյս մեր,
մեր Աղբյուր…
մեր Խաղաղ,
մեր Լուռ,
մեր բարի,
մեր սիրո´ւն,
սիրո´ւն մեր Տեր,
Ծո´վ մեր,
մեր Մի´շտ,
Մի´շտ մեր Տեր,
միշտ մեր Տեր,
միշտ մեր Տեր,
միշտ մեր
Տեր…
27 հունվարի, 2013 թ.