.jpg)
Գալուստ Սահակյան. Ընտրություններից հետո նոր ընդդիմություն ծնվեց
«Արտահերթ նիստում կքննարկվեն հետընտրական զարգացումները, կլինեն քաղաքական քննարկումներ. Չքննարկել չի կարելի, պետք է պարտադիր քննարկել»,- այս մասին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի, ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանի հետ տեղի ունեցած քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում, ներկայացնելով հանդիպման մանրամասները, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Արտահերթ նիստը, Գ. Սահակյանի խոսքերով, տեխնիկական խնդիր է. «Պետք է հստակ որոշենք քննարկվող նյութը, նյութի արժեքավորումը, բոլոր կողմերի ընդունումը, այնուհետ՝ պետք է փաստաթուղթ լինի, որ կարողանանք քննարկելի դարձնենք»,- ասաց Գ. Սահակյանը՝ հավելելով, թե պետք է արագ արվի:
Նա նշեց, որ իր համար խիստ կարևոր է, որ բողոք ունեցող հանրությունը կարողանա իր բողոքն արտահայտել սոցիալական վիճակի մասին. «Մենք քարոզչության ժամանակ էլ ենք ասել, որ դրանց լուծումները պետք է գտնենք, իսկ լուծումները գտնելու համար քաղաքական դաշտը պետք է կայունացվի»:
Հարցին, թե արտահերթ նիստ հրավիրելու հարցը որտե՞ղ և ե՞րբ պետք է քննարկվի, Գ.Սահակյանն ասաց, որ այդ ամենը տեխնիկական հարցեր են, սակայն հստակ ժամանակ նշել, ըստ նրա, հնարավոր չէ:
Ի պատասխան մեկ այլ հարցի, թե հնարավո՞ր է՝ այդ քննարկումը ազդի «Ժառանգության» տեսակետի վրա, Գ.Սահակյանն ասաց, որ ինքն ընդամենը ասում է, որ եղել է լավ ընտրություն. «Ես հասկանում եմ նաև, որ յուրաքանչյուր ընտրությունից հետո եղած ընդդիմությունն է ուժեղանում՝ ուժեղացնելով իշխանությանը, կամ նորն է ծնվում, որին պետք է ուժեղացնել»:
Հարցին, թե ի՞նչ եղավ այս ընտրությունից հետո, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, թե նոր ընդդիմության ծնունդ է և «հնարավորինս պետք է մեր որոշումներով ոչ թե հակազդել, այլ՝ այնպիսի դաշտ ստեղծենք, որ այդ ընդդիմությունն արժանապատիվ դեր ու դերակատարում ունենա»:
Նախորդող տեղեկատվություն
ՀՀԿ-ն կհամաձայնի՞ ԱԺ արտահերթ նիստում քննարկել հետընտրական պրոցեսները
ԱԺ նախագահի սենյակում քննարկում են հետընտրական զարգացումները