Քաղաքագետ. ԱԺ նոր ընտրությունների դեպքում ԲՀԿ-ն շատ քիչ ձայն կհավաքի
25/02/2013 11:40

Քաղաքագետ. ԱԺ նոր ընտրությունների դեպքում ԲՀԿ-ն շատ քիչ ձայն կհավաքի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կամավոր հրաժարվեց իր ձայներից` իր թեկնածուին չառաջադրելով նախագահական ընտրություններում: Նրանց ձայները կամավոր սկզբունքով եկան «Ժառանգությանը»: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, գնահատելով հետընտրական զարգացումները, նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` հավելելով, որ ԲՀԿ-ն և մյուս քաղաքական ուժերը, որոնք չմասնակցեցին նախագահի ընտրություններին, այլևս չեն կարող վերականգնել իրենց ընտրազանգվածի ձայները:

«Եթե Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը կատարվի և անցկացվեն ԱԺ նոր ընտրություններ, ապա այդ ուժերն այդքան շատ ձայն չեն հավաքի, ինչպես հավաքել էին օրինակ մայիսին կայացած ընտրությունների ժամանակ: Չմասնակցելով ընտրություններին` տվյալ ուժերը կորցրեցին իրենց ընտրազանգվածը, իսկ դա ոչ թե նրանից է, որ վատն են, այլ` իրենք կամավոր հրաժարվեցին իրենց ձայներից»,- ասաց քաղաքագետը և հավելեց, թե ուսումնասիրելով տարբեր երկրների ընտրությունները, առաջին անգամ է տեսնում, որ քաղաքական ուժը (նկատի ունի ԲՀԿ-ին, որը ներկայիս խորհրդարանում երկրորդ ուժն է` Aysor.am), ունենալով այդքան շատ ձայն, նախագահական ընտրություններում կամավոր չի առաջադրում իր սեփական թեկնածուն:

Ի պատասխան հարցին, թե հնարավո՞ր է` ԲՀԿ-ն կոալիցիայի մաս կազմի, Ս. Գրիգորյանն ասաց, որ ԱԺ նոր ընտրություններ անցկացնելու դեպքում ԲՀԿ-ն շատ քիչ ձայն կհավաքի, «այնքան քիչ, որ նրանց` կոալիցիային միանալ կամ չմիանալը առանձնապես տարբերություն չի տա»:

«Քաղաքական ուժը, որն այս լուրջ դժգոհության ալիքին չի միանում, բայց ԱԺ ընտրությունների ժամանակ բողոքական ձայների մեծ մասն իրեն էր վերցրել, պարզ է` կկորցնի այն, ինչ ունի»,- ասաց Ս. Գրիգորյանը:

Հարցին, թե այդպիսով չի՞ կազմաքանդվի ԲՀԿ-ն, քաղաքագետը նշեց, թե տվյալ կուսակցությունը, վերջապես, պետք է կողմնորոշվի` որտեղ է գտնվում. «Շատ դժվար է առանց ելույթների, առանց դիրքերը պահելու, առանց կարծիք հայտնելու մնալ միասնական ուժ, դա իրենց որոշելիքն է և ոչ ոք չի կարող իրենց օգնել»:

Քաղաքագետ. ԱԺ նոր ընտրությունների դեպքում ԲՀԿ-ն շատ քիչ ձայն կհավաքի