.jpg)
Ռուբիկ Հակոբյան. «Ժառանգությունը» պահանջում է իշխանափոխություն
«Մեր կեցվածքն է, որ Սահմանադրության շրջանակներում տեր կանգնենք մեր ժողովրդի տված քվեին: Մենք կօգտվենք, բոլոր այն հնարավորություններից, որպեսզի կարողանանք որոշակի քաղաքական ճնշումների միջոցով տեր կանգնել մեր քվեին»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով տարբեր քաղաքական ուժերի գնահատականը, թե Ազատության հրապարակում հավաքվածների, ինչպես նաև Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունների նպատակներն անհասկանալի են, նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
Նա հիշեցրեց Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումը, որի ժամանակ 3 կետանոց առաջարկների փաթեթը մերժվել էր, և մերժումից հետո այդ առաջարկները, Ռ.Հակոբյանի խոսքերով, դուրս են եկել օրակարգից:
Հարցին, թե «Ժառանգությունը» և Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջո՞ւմ են իշխանափոխություն, Ռ. Հակոբյանն ասաց «անշուշտ». «Ոչ թե մենք ենք իշխանափոխություն ցանկանում, այլ` ժողովուրդն իր քվեով է դա ցանկանում, մենք պարզապես ուզում ենք ամրագրել դա»:
Դիտարկմանը, թե նախօրեին ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն ասել էր, թե եթե Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանափոխություն ձևակերպումը տա, «ամեն բան իր տեղը կընկինի», Ռ. Հակոբյանը վրդովված ասաց, թե նրանք, ովքեր ցանկանում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններում պահանջ տեսնել, ապա անպայման կտեսնեն:
«Եթե կոնկրետ մարդիկ չեն ուզում տեսնել, թե մենք ինչ ենք ցանկանում, ապա չենք պատրաստվում նույն բանը տասն անգամ կրկնել: Մենք ասում ենք, որ ժողովուրդն իր քվեով ցանկացել է իշխանափոխություն, իսկ նրանք, ովքեր տարբեր ձևակերպումներով փորձում են արդարացնել իրենց քայլերը, ապա դա իրենց խնդիրն է, իսկ նրանք, ովքեր ցանկանում են նպատակ տեսնել, լավ էլ տեսնում են»,- պարզաբանեց Ռ. Հակոբյանը:
Հանրահավաքների շարունակականությունը, Ռ. Հակոբյանի խոսքերով, կախված է միայն ու միայն ժամանակից. Դիտարկմանը, թե մտավախություն չկա՞, որ ժամանակի ընթացքում շարժումը կարող է մարել, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նշեց, թե բոլոր տեսակի մտահոգություններ էլ կան, սակայն. «Այն քաղաքական կուրսը, մարտավարությունը, որը մենք որդեգրել ենք, դժվար թե ժողովրդական շարժման մարման պատճառ կդառնա»: