Շարմազանով. Հրաժարականներից մի զարմացեք
26/02/2013 13:38

Շարմազանով. Հրաժարականներից մի զարմացեք

«Հրաժարականներից մի զարմացեք: Կենդանի պրոցես է, հրաժարականներ էլ հնարավոր են, մի օր էլ հնարավոր է ես հեռանամ», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով վերջին շրջանում ակտիվացած հրաժարականների հարցը, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքերով՝ առանձնապես հրաժարականներրի շքերթ չկա և պետք էլ չէ սպասել: «Ես, լինելով պահպանողական անձնավորություն, գտնում եմ, որ ամեն բան պետք է գնա էվոլյուցիոն ճանապարհով, փոփոխությունների միջոցով, և չի կարելի որևէ մեկի հրաժարականը բացառել»,- ասաց Շարմազանովը:

Նա կտրականապես հերքեց տարածված այն տեսակետը, թե հրաժարական են տալիս այն քաղաքապետերը, մարզպետերը, որոնք չեն կարողացել ապահովել տվյալ մարզում կամ քաղաքում ՀՀԿ թեկնածուի հաղթանակը նախագահական ընտրություններում:

Անդրադառնալով վարչապետի փոփոխության լուրերին՝ Շարմազանովը նկատեց, թե չի ցանկանում մեկնաբանել նման լուրերը. «Ոչ ՀՀԿ ԳՄ-ում, ոչ էլ ՀՀԿ խորհրդում չի քննարկվել որևէ կադրային փոփոխության հարց»,- ասաց նա՝ խորհուրդ տալով պարզապես սպասել նախագահի երդմնակալությունից հետո կառավարության հրաժարականին:

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի և փոխնախագահների փոփոխության հարցին, Շարմազանովը նշեց, թե նրանց փոփոխության հարցն օրակարգում չկա և կոռեկտ չէ. «Կոնկրետ իմ գործընկերները նորմալ իրականացնում են իրենց աշխատանքները, իսկ ես թիմային աշխատող եմ, և թիմն ինչպես կորոշի, այնպես էլ կարվի, ես պաշտոնից կառչած չեմ»: 

Շարմազանով. Հրաժարականներից մի զարմացեք