.jpg)
Չպատժված ցեղասպանությունները ծնում են նոր մարդատյաց գործողություններ
«Սումգայիթի ողբերգությունը ականատեսների վկայությամբ» գիրքը, որի հեղինակը Սամվել Շահմուրադյանն է, թարգմանվել է 9 լեզուներով: Գրքի ստեղծմանն աջակցել է ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցին` ասաց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:
Իր հերթին, Լարիսա Ալավերդյանը բարձր գնահատեց Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի և կենտրոնի ղեկավար Արա Սաղաթելյանի կատարած աշխատանքը` Սումգայիթի, Բաքվի դեպքերի հետ կապված ճշմարտությունը ներկայացնելու առումով:
«Չպատժված ցեղասպանությունները ծնում են նոր մարդատյաց գործողություններ, ինչպիսիք իրականացվել են Սումգայիթում»,-ասաց Լ. Ալավերդյանը:
Նրա խոսքերով, Հայաստանում պետք է ճիշտ գնահատական տրվի այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել այդ տարիներին Սումգայիթում:
«ԽՍՀՄ տարիներին նույնիսկ ճանճը չէր կարող թռնել առանց ԿԳԲ-ի, ներքին գործերի իմացությամբ, և ցեղասպանական շղթան պատրաստվում էր բավականին վաղուց և պատրաստողները Ադրբեջանի Կոմկուսի ղեկավարությունն էր»,-ասաց Ալավերդյանը:
Սումգայիթի ջարդերի ժամանակ ամուսնուն կորցրած Ռայա Թովմասյանը, վերհիշելով այդ սարսափելի իրադարձությունները, նշեց, որ այդ օրերին Սումգայիթում լուրեր էին պտտվում, որ հայերին սպանում են, ծեծում են փողոցներում և բակերում. «Այդ ժամանակ մի մեծ հրոսակախումբ եկավ մեր բակ, փայտերով զինված, հայտարարում էին, թե որտեղ են այստեղ հայերը, դուրս եկեք և սկսում էին ծեծել»:
Ռ. Թովմասյանը նշեց, որ ադրբեջանցիները սկսել են ծեծել հայերին, մորթել՝ չխնայելով ոչ ոքի. «Այդ դեպքերի ժամանակ ես կորցրեցի իմ ամուսնուն, որը սպանվեց ադրբեջանցի հրոսակների կողմից»: