.jpg)
Քաղաքապետի ընտրություններին ՀԱԿ-ը զուտ «գալոչկայի» համար չի մասնակցի
Քաղաքապետի ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցությունը կարելի է բացառել: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Լ. Սարգսյանը նշեց, որ թեև ՀԱԿ-ում նման քննարկում չի եղել, սակայն իր կարծիքը հայտնեց, թե Հայաստանում այսօր իրականում ոչ մի ընտրական պրոցես գոյություն չունի:
«Միջոցառումների շարք է, որը պարտադիր կերպով անցկացվում է 4-5 տարին մեկ: Հետևաբար նման միջոցառման զուտ ձևական մասնակցությունը մենք անիմաստ ենք համարում»,- ասաց նա:
Քաղաքապետի ընտրություններին չմասնակցելու որոշումը, Լ. Սարգսյանի կարծիքով, ամենաճիշտն է. «Մասնակցել մի միջոցառման, որի ելքն ի սկզբանե կանխատեսելի է, անիմաստ եմ համարում»,- ասաց պատգամավորը` հավելելով, թե Ընտրական օրենսգիրքը պետք է փոխվի:
Հարցին, թե եթե ընտրությունները կեղծվում են, պետք է չմասնակցե՞լ և չպայքարե՞լ դրա դեմ, Լ. Սարգսյանն ասաց, թե պետք է պարզապես ամեն բան անել, որ փոխվի վարչախումբը:
«Ընտրությունների այս էտապում մասնակցել զուտ «գալոչկայի» համար անիմաստ է»,- եզրափակեց խոսքը ԱԺ պատգամավորը: