.jpg)
Ադիբեկյան. Միայն ԲՀԿ-ն կարող է լուրջ մրցակից դառնալ ՀՀԿ-ին
ԲՀԿ-ն լուրջ լծակներ ունի, որպեսզի կարողանա վերականգնվել, քանի որ այս պահին փոքր-ինչ պասիվ դերակատարում ունի ներքաղաքական դաշտում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
ԲՀԿ-ն, Ադիբեկյանի խոսքերով, ունի լուրջ ռեսուրս, տեղական շտաբեր, որոնք աշխատում են և կաշխատեն: Նա սխալ է համարում, երբ ԲՀԿ-ին քաղաքական դիակ են անվանում. «Միայն ԲՀԿ-ն կարող է լուրջ մրցակից դառնալ ՀՀԿ-ին, քանի որ այս կուսակցության գաղափարախոսությունը մոտ է մարդկանց»,- ասաց Ադիբեկյանը և հավելեց, թե ԲՀԿ-ն պետք է ավելի գրագետ մոտենա Երևանի ավագանու ընտրություններին, քան` նախորդին:
Սոցիոլոգը քաղաքական դիցաբանության շարքից է համարում այն լուրը, թե ԲՀԿ-ի ցուցակը գլխավորելու է ՀՀ երկրորդ նախագահի որդի Սեդրակ Քոչարյանը, սակայն. «Այդ դեպքում ԲՀԿ-ն կուժեղանա, քանի որ շարքերում կան մարդիկ, որոնք շարունակում են մնալ Ռ. Քոչարյանին հավատարիմ»:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա Ադիբեկյանը նկատեց, թե տվյալ ուժը մեծ շանսեր ունի, քանի որ երևանցիները հիմնականում գոհ են ներկա քաղաքապետ Տարոն Մարգարյանից: Նա թվարկեց այն բարեփոխումները, որոնք կատարել է ներկայիս քաղաքապետը` բարեկարգվեցին շենքերի արտաքին տեսքը, մուտքերի վիճակը, նստարաններ տեղադրվեցին...: